ՀՀ ԱԺ-ն ընդունեց ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության հետ համաձայնագրի վավերացման օրինագիծը

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում միաձայն՝ 90 կողմ ձայների հարաբերակցությամբ, ընդունվեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջեւ՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

Ինչպես հայտնել էինք, համաձայնագրով ՆԱՏՕ-ի տվյալ կազմակերպությունը որոշակի աշխատանքների համար Հայաստանի պաշտպանության նախարարությանը նյութական օգնություն կցուցաբերի՝ տրամադրելով նաև համապատասխան մասնագետներ:

Մասնավորապես համաձայնագրով նախատեսվող կարևոր կետերից է անպետք զինտեխնիկայի ոչնչացումը: Հայաստանը պարտավորվում է վերացնել 140 միավոր ռազմական տեխնիկա և 21 միավոր ՀՄՄ: Տեխնիկան ոչնչացնելուց հետո Հայաստանը կկարողանա ձեռքբերել նույն թվաքանակով՝ արդեն աշխատող և նոր տեխնիկա:

Զինտեխնիկայի ոչնչացման համար Գերմանիան Հայաստանին կվճարի 1,3 մլն եվրո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *