Մեծ Բրիտանիան, ի թիվս այլ երկրների, նյութական օգնություն է ցուցաբերել «Սիրիայի ազատ ոստիկանությանը», որը համարվում է «ընդդիմադիր ուժերի իրավապահ մարմին»: Գումարը վճարվել է կանխիկ և անվերահսկելիության պատճառով ըստ էության օժանդակել Սիրիայում ահաբեկչական ուժերին, այդ թվում՝ «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորմանը:
BBC հեռուստաընկերության հետաքննության (BBC Panorama investigation) հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի կառավարությունը դադարեցրել է օգնության ծրագիրը:
Հետաքննության արդյունքում պարզվել է (Հոդվածի ռուսերեն տարբերակը) որ Մեծ Բրիտանիայի և ևս 5 երկրի տրամադրած կանխիկ նյութական օգնությունը փոխանցվել է անգամ մարդկանց, ովքեր իրականում գոյություն չունեն, կամ արդեն մահացել էին:
Ծրագրով օժանդակություն ստացող «ոստիկանները» պետք է չզինվեին, օժանդակեին կարգի պահպանմանը: Սակայն պարզվել է, որ «ոստիկանների» մի մասը օժանդակել է տարբեր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում «Նու ալ-Դին ալ-Զինկի» ծայրահեղական խմբավորման «դատարաններին»: Ավելին՝ ահաբեկչական խմբավորումներն են ընտրել, թե ովքեր պետք է ծառայեն «ոստիկանությունում»:
«Ոստիկանությունը» Մեծ Բրիտանիայից և մյուս երկրներից ստացած գումարների հաշվին նաև օժանդակել է Ալ-Կաիդայի սիրիական թև «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորմանը: Մասնավորապես 2014 թ. նրանք փակել են սիրիական բնակավայրերից մեկի ճանապարհները՝ թույլ տալով, որ ահաբեկիչները քարերով մահապատժի ենթարկեն երկու կնոջ:
Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը նշել է, որ մինչև հետաքննության ավարտը դադարեցրել են ահաբեկիչներին օգնություն ցույց տալու և մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրվող ուժերի ֆինանսավորումը:
Բրիտանիան օգնությունը «ոստիկաններին» տրամադրել է Adam Smith International (ASI) միջնորդ կազմակերպության միջոցով: Կազմակերպությունը հերքում է, որ այդ գումարները կարող էին հասնել ահաբեկիչներին: BBC-ի թիմն ընդգծում է, որ դա դա պնդել հնարավոր չէ, քանի որ գումարը կանխիկ է փոխանցվել: Սակայն նշված փաստերի մի մասը BBC-ն հայտնաբերել է հենց այդ կազմակերպության փաստաթղթերից:
2017 թ. ապրիլին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ այդ ուժերին նախատեսում են փոխանցել ևս 4 մլն ֆունտ ստերլինգ (շուրջ 5,4 մլն ԱՄՆ դոլար):
Ֆինանսական օգնություն ստացած կառույցը գործել է անմիջապես Հալեպի, Իդլիբի և Դարաայի նահանգներում, որտեղ խմբավորումների հիմնական մասը ահաբեկչական, ծայրահեղական խմբեր են: Այդ թվում Իդլիբի հիմնական մասում վերահսկում է «Ալ-Նուսրան»:
Ավելացնենք, որ «Սիրիայի ազատ ոստիկանության» շտաբը թուրքական Գազիանթեփ քաղաքում է: