ՀՀ ԱԺ-ն ընդունեց 100 մլն դոլարի սպառազինության վարկի ձեռքբերման մասին օրինագիծը

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է Ռուսաստանից զենքի գնումների համար 100 մլն դոլարի վարկի ձեռքբերման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվել է 92 «կողմ», 0 «ձեռնպահ» և «դեմ» ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ վարկի համաձայնագրին նոյեմբերի 16-ին հավանություն էր տվել ՀՀ կառավարությունը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանը վարկի միջոցներից կարող է վճարել յուրաքանչյուր առաձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը։

Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, գնումները կատարվելու են ռուսական ռուբլով՝ անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։ Սպառազինության ցանկը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։

Վարկը պետք է օգտագործվի 2018-2022 թթ. ընթացքում: Վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 15 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով. ավելի մանրամասն՝ այստեղ:

Ավելացնենք, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել էր, որ 100 մլն դոլարի վարկի շրջանակներում այս պահին նախաստորագրվել է երեք պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքն ավելին է քան 100 մլն դոլարը: Վարկից կտրամադրվի դրանց արժեքի 90 տոկոսը, ինչպես և նախատեսված էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *