Հունաստանում ձերբակալել են Էրդողանի դեմ մահափորձ ծրագրած թուրք «ձախականների»

Հունաստանի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները Աթենքում ձերբակալել են թուրքական DHKP-C ձախ ծայրահեղական խմբավորման անդամների, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հունաստան այցի ընթացքում նրա դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Այս մասին դեկտեմբերի 16-ին հայտնել է հունական To Vima լրատվակայքը:

Հունաստանում Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելու ծրագրման մեջ մեղադրվող անձինք

Հունաստանում Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելու ծրագրման մեջ մեղադրվող անձինք

Ըստ հունական կայքի՝ խմբավորման անդամների մոտ հայտնաբերվել են թղթեր, որտեղ նշված են Էրդողանի դեմ մահափորձի պլանի որոշ մանրամասներ: Անձամբ Էրդողանի անունը, ինչպես նաև մահափորձի վայրը նշված չեն եղել: Թիրախը, այսինքն մեծագույն հավանականությամբ հենց Էրդողանը, կրել է «կարիճ» կոդային անվանումը:

Խմբավորման անդամները ծրագրել են նռնականետներով, ինքնաշեն պայթուցիկներով և մոլոտովի կոկտեյլներով երկու կողմից հարձակվել Թուրքիայի նախագահի՝ Աթենքով անցնող ավտոշարասյան վրա:

Նշվում է, որ ձերբակալվել է 9 անձ: Հիշեցնենք, որ Էրդողանը դեկտեմբերի սկզբին այցելել էր Հունաստան ու հանդիպել այդ երկրի ղեկավարությանը:

Հակիրճ DHKP-C-ի մասին՝ 

DHKP-C-ն՝ Հեղափոխական ժողովրդական ազատագրության կուսակցություն-ճակատը, հիմնվել է 1994 թվականին՝ Devrimci Sol (հեղափոխական ձախ) խմբավորուման հիմքի վրա: Հիմնադիրը հայտնի թուրք «ձախական» Դուրսուն Թարաթաշն է, ով մահացել է 2008 թ.

Խմբավորման գաղափարական հիմքը «մարքսիստ-լենինյան» գաղափարախոսությունն է: Դատելով «կուսակցության» գաղափարախոսություն-ծրագրից՝ իրենց առաջնային նպատակը Թուրքիայում այդ գաղափարախոսական հենքի վրա բոլոր ազգությունների հավասար իրավունքներով պետության ստեղծումն է:

DHKP-C-ն գործունեության ընթացքում մի շարք աղմկոտ գործողություններ է իրականացրել, այդ թվում՝ ահաբեկչական ակտեր, հայտնի գործիչների սպանություներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *