Սիրիայում Իրանը ևս մեկ զինծառայող է կորցրել

Սիրիայի Աբու Քամալ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիպուկահարի կրակոցից սպանվել է Իրանի կողմից հովանավորվող «Ֆաթեմյուն» ջոկատի մարտիկ Ալի Նաղավին։ Այս մասին դեկտեմբերի 3-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ Նաղավին եղել է ջոկատի պատասխանատուներից և սպանվել է գրեթե 2 շաբաթ առաջ։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցներից հայտնի էր դարձել Աբու Քամալում  6 իրանցի զինծառայողի մահվան մասին (1,2, 3): Զոհվածների թվում կային նաև գեներալ և գնդապետ։

Հավելենք, որ նոյեմբերի 19-ին Սիրիայի բանակը ամբողջովին ազատագրել է երկրում ԻՊ վերջին խոշոր հենակետ Աբու Քամալ քաղաքը:

Մինչ օրս Սիրիայում Իրանի ունեցած կորուստները ավելի շատ են, քան Թուրքիայի և Ռուսաստանի հայտնի կորուստները միասին վերցրած։ Մարտին Իրանի շահիդների և վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։

Չնայած այս կորուստներին՝ Իրանը պնդում է, որ Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ և այնտեղ  է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ, իսկ զոհվող մարտիկները՝ կամավորներ են։

Նշենք, որ Սիրիայում Իրանի աջակցությամբ կռվում են նաև գլխավորապես  աֆղանցիներից կազմված «Ֆաթեմյուն» և պակիստանցիներից կազմված «Զեյնաբիունի» ջոկատները։

Սիրիայում  Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *