[Թարմացված] Վերջին 4 օրում Սիրիայում Իրանը կորցրել է 5 զինծառայող

Նոյեմբերի 16-19-ը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում սպանվել է 5 իրանցի զինծառայող, որոնց թվում՝ գեներալ և գնդապետ։ Զինծառայողներից չորսը զոհվել են Աբու Քամալ քաղաքում։

Նոյեմբերի 16-ին Աբու Քամալ քաղաքում արկի պայթյունից մահացել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Զենջան նահանգի «Անսար օլ Մեհդի» 36-րդ բրիգադի թոշակառու գեներալ Խեյրոլլահ Սամադին։ Այս մասին նոյեմբերի 18-ին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

«Անսար օլ Մեհդի» 36-րդ բրիգադի հրամանատարի խոսքերով՝ Սամադին Սիրիա է մեկնել կամավոր և այնտեղ գումարտակի հրամանատար էր։ Փոխանցում է «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Սամադին եղել է նաև Իրան-իրաքյան պատերազմի (1980-1988) մասնակից։ Խեյրոլլահ Սամադին Սիրիայում զոհված իրանցի 12-րդ գեներալն է արդեն։

Սիրիայում զոհված ԻՀՊԿ գեներալ Խեյրոլլահ Սամադին և ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին

Սիրիայում զոհված ԻՀՊԿ գեներալ Խեյրոլլահ Սամադին և ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին

Նոյեմբերի 18-ին Ալ-Մայադին քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում  սպանվել է 29-ամյա զինծառայող Մեհդի Մովահեդինան։ Այս մասին հայտնում է «Աբնա» լրատվական գործակալությունը։

Նոյեմբերի 19-ին Աբու Քամալ քաղաքում սպանվել է  ԻՀՊԿ ցամաքային զորքերի թոշակառու գնդապետ Ալիռեզա Նազարին։ Ըստ «Աբնա» գործակալության՝ Նազարին խորհրդատվական առաքելություն էր իրականացնում Սիրիայում։

Նոյեմբերի 19-ին Աբու Քամալում սպանվել է իրանցի զինծառայող Արեֆ Քայադխորդեն, ով արդեն 3 անգամ էր ուղարկվել Սիրիա։

[Թարմացում] Նոյեմբերի 20-ին հաստատվել է զինծառայող Բաբակ Նուրի Հարիսի մահվան մասին լուրերը: Զինծառայողը նույնպես սպանվել է Աբու Քամալում, նոյեմբերի 19-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Աբու Քամալում ևս 2 իրանցի զինծառայողի կորստի մասին։

Հավելենք, որ նոյեմբերի 19-ին Սիրիայի բանակը ամբողջովին ազատագրել է երկրում ԻՊ վերջին խոշոր հենակետ Աբու Քամալ քաղաքը:

Նշենք, որ մինչ օրս Սիրիայում Իրանի ունեցած կորուստները ավելի շատ են, քան Թուրքիայի և Ռուսաստանի կորուստները միասին վերցրած։ Մարտին Իրանի շահիդների և վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։

Չնայած այս կորուստներին՝ Իրանը պնդում է, որ Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ և այնտեղ  է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ, իսկ զոհվող մարտիկները՝ կամավորներ են։

Սիրիայում  Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *