Սիրիայի Աբու Քամալ քաղաքում ևս մեկ իրանցի զինծառայող է զոհվել

Սիրիայի Աբու Քամալ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղած մարտերում զոհվել է իրանցի զինծառայող Ալիռեզա Ջիլանը։ Այս մասին նոյեբերի 20-ին տեղեկացնում է իրանական «Աբնա» լրատվական գործակալությունը։

Զինծառայողը Իրանի Չահարմահալ և Բախթիարի նահանգի Բորուջեն քաղաքից էր, 35 տարեկան։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել նոյեմբերի 16-19-ը Սիրիայում 5 իրանցի զինծառայողի մահվան մասին։ Զինծառայողներից չորսը զոհվել էին Աբու Քամալ քաղաքում։ Զոհվածների թվում կային նաև գեներալ և գնդապետ։

Հավելենք, որ նոյեմբերի 19-ին Սիրիայի բանակը ամբողջովին ազատագրել է երկրում ԻՊ վերջին խոշոր հենակետ Աբու Քամալ քաղաքը:

Մինչ օրս Սիրիայում Իրանի ունեցած կորուստները ավելի շատ են, քան Թուրքիայի և Ռուսաստանի կորուստները միասին վերցրած։ Մարտին Իրանի շահիդների և վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։

Չնայած այս կորուստներին՝ Իրանը պնդում է, որ Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ և այնտեղ  է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ, իսկ զոհվող մարտիկները՝ կամավորներ են։

Սիրիայում  Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *