ՌԴ ԶՈւ զինծառայողների ապահովագրման մրցույթի շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարությանը ներկայացված համապատասխան փաստաթղթերից մեկից հայտնի է դարձել ՌԴ զինված ուժերում 2012-16 թթ. գրանցված կորուստների թիվը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Վեդոմոստի» լրատվակայքը:
Զինծառայողների ապահովագրության համար հայտարարվող մրցույթի շրջանակներում մասնակիցներին ծանուցվել են լրացուցիչ փաստաթղթեր ապահովագրական դեպքերի տեսակների և քանակի, այդ թվում՝ մահվան դեպքերի մասին:
Ըստ այդ փաստաթղթերի ՌԴ ԶՈւ կորուստները 2012-2016 թթ. ունեն հետևյալ պատկերը՝
- 2012 – 630
- 2013 – 596
- 2014 – 790
- 2015 – 626
- 2016 – 393
Ըստ հոդվածի՝ ապահովագրվում են թե՛ ժամկետայինները, թե՛ պայմանագրային հիմունքներով ծառայողները, և թե՛ սպաները, ուստի ներկայացված թվերը ընդգրկում են բոլոր ծառայողներին:
Հատուկ ուշադրության է արժանանում 2014 թվականի կորուստների թվի աճը, ինչը կապվում է Դոնեցկում և Լուգանսկում մարտական գործողություններին ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների ներգրավման հետ: Ուկրաինայում մարտական գործողություններին ներգրավվածությունը հերքում է ՌԴ ՊՆ-ն:
Կորուստների մասին հրապարակումը մեկնաբանել են նաև ՌԴ ՊՆ-ից՝ նշելով, որ կորուստները վերջին 5 տարներին նվազման միտում ունեն, իսկ դեպքերի 80 տոկոսը գրանցվել է ոչ ծառայողական պայմաններում: