Բրազիլիան Ռուսաստանից «Իգլա-Ս» ԶՀՀ-ների ևս մեկ խմբաքանակ կգնի

Բրազիլիան ծրագրում է Ռուսաստանից գնել «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ծառայության ռազմատեխնիկական  համագործակցության գծով տնօրենի տեղակալ Անատոլի Պինչուկը. փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Բրազիլիայի զինված ուժերի սպառազինության շարքերում արդեն կան «Իգլա-Ս» համալիրներ: Պայմանագիրն իրականացվել է 2015-ին, ներկայում խոսքը լրացուցիչ խմբաքանակի ձեռքբերման մասին է:

Նշենք, որ Իգլա-Ս-ը Իգլա շարժական ԶՀՀ-ի արդիականացումն է։ Այն նախատեսված է նաև փոքր բարձրության վրա թռչող օդային թիրախների խոցման համար։ Համալիրը դրանք կարող է խոցել մինչև 6000 մետր հեռավորության վրա։

Հակաօդային պաշտպանության «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ն նախատեսված է մինչև 3 500 մետր բարձրության և մինչև 6 000 մ հեռավորության վրա թռչող օդային թիրախների խոցման համար:

«Իգլա-Ս» ԶՀՀ-ն շահագործվում է նաև ՀՀ զինված ուժերում, այդ թվում նաև՝ Պաշտպանության բանակում: 2017-ի հունիսին ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել էր 2016 Ռուսաստանի՝ երկրներին մատակարարած սպառազինության ցանկը, ըստ որի՝ Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է 300 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Թեև ռուսական զեկույցում կոնկրետ ինդեքս չէր նշվում, սակայն այս տարվա ապրիլին ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալն հայտնել էր, որ Հայաստանը ձեռք է բերել «Իգլա-Ս» և «Վերբա» համալիրների խոշոր խմբաքանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *