Քրդական ուժերը ամբողջովին ազատագրել են Տաբկան

ԱՄՆ աջակցությամբ գործող, գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը «Եփրատի ցասում» գործողության շրջանակներում ամբողջովին ազատագրել է Սիրայի Տաբկա քաղաքը և վերահսկողություն հաստատել Սիրիայի ամենամեծ ջրամբարի նկատմամբ։ 

Այս մասին մայիսի 10-ին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։

Այժմ քրդական ուժերը և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հատուկջոկատայինները առաջանում են դեպի ԻՊ գլխավոր հենակետ հանդիսացող Ռաքքա քաղաք։

Ավելի վաղ SDF-ից հայտնել էին, որ  խմբավորումը «Եփրատի ցասում» գործողության շրջանակում ԻՊ-ից գրավել է Սիրիայի Տաբկա քաղաքի շուրջ 90 տոկոսը:

Տաբկա քաղաքը մոտ 50 կմ հեռավարության վրա է Ռաքքա քաղաքից, որը ներկայում ԻՊ կենտրոնն է: Նաև այստեղ է գտնվում Սիրիայի ամենամեծ ջրամբարը: Սրանցով էլ պայմանավորված է քաղաքի ռազմավարական նշանակությունը:

Քրդական ուժերը դեռ  մարտին վերահսկողություն էին հաստատել Տաբկայի ջրամբարի մի հատվածի վրա:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 5-ին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը հայտարարել է  ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքան և հարակից տարածքները ազատագրելու «Եփրատի ցասում» գործողության մեկնարկի մասին։

Նշենք, որ SDF խմբավորման կազմի մեջ մտնում են զորաջոկատներ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներից» (YPG), «Քրդական դեմոկրատական միության» (PYD) ուժերից և արաբական զինյալ, ընդդիմադիր տարբեր խմբավորումներից:

Միացյալ Նահանգները աջակցում է Սիրիայի քրդական ուժերին՝ նրանց դիտարկելով որպես ԻՊ դեմ պայքարող հիմնական ուժերից մեկը: 2017-ին ԱՄՆ-ն քրդերին երկու անգամ որպես օգնություն տրամադրել է տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում՝ զրահափոխադրիչներ (1, 2):

Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ն  48 նոր զրահապատ մեքենաներ և 250 զինծառայող էր ուղարկել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» վերահսկողության տակ գտնվող Ալ-Հասաքա նահանգ։

Տաբկայում գտնվող Սիրիայի ամենամեծ ջրամբարը

Տաբկայում գտնվող Սիրիայի ամենամեծ ջրամբարը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *