Մայիսի 10-ին ավարտվել է Սիրիայի արևմտյան Հոմս քաղաքի Ալ-Վաեր թաղամասից զինյալների հերթական խմբի դուրս բերումը: Հոմսից դուրս է բերվել Սիրիայում կռվող տարբեր զինյալ խմբավորումների շուրջ 260 զինյալ, ովքեր հրաժարվել են հանձնվել Սիրիայի կառավարական բանակին: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:
#Forceddisplacement continues ….
Arrival of a group of neighborhood #Alwaer in #Homs to the city of #Albab#LWB pic.twitter.com/5pfYj9w9pM— لهون وبس (@lahoonWaBas) May 11, 2017
Զինյալների հետ դուրս են բերվել նաև նրանց ընտանիքները, ընդհանուր առմամբ Հոմսից տեղափոխվել է 1372 մարդ: Նրանց ավտոբուսներով տեղափոխել են Սիրիայի հյուսիսային Ջերաբլուս շրջան, որը այժմ գտնվում է Թուրքիայի զինուժի և նրանց աջակցող խմբավորումների վերահսկողության տակ:
Հոմսի նահանգապետ Թալա ալ-Բարազին հայտարարել է, որ Ալ-Վաեր թաղամասից զինյալների վերջին խումբը դուրս է գալու մայիսի 20-ին: Ինչից հետո սկսվելու են վերանորոգման և ենթակառուցվածքների վերագործարկման աշխատանքները:
Ըստ նահանգապետի՝ մոտ 7000 բնակիչներ, ովքեր մի քանի տարի առաջ լքել են թաղամասը, ցանկություն են հայտնել վերադառնալ իրենց բնակավայր:
Հիշեցնենք, որ զինյալների՝ Ալ-Վաեր թաղամասից դուրս գալու հարցի շուրջ Սիրիայի կառավարությունը և Սիրիայի զինյալ ընդդիմադիր խմբավորումները համաձայնության էին եկել մարտի 13-ին։ Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ մարտի 13-ից մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում Ալ-Վաեր թաղամասից դուրս է բերվել մոտ 5000 զինյալ, այդ թվում նաև «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման կողմնակիցներ:
Ալ-Վաերը Հոմսի միակ թաղամասն էր, որտեղ դեռ մնացել են զինյալ խմբավորումներ: Զինյալների դուրս բերման դեպքում Հոմս քաղաքը ամբողջությամբ կանցնի Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության ներքո: