Միացյալ Նահանգների աջակցությամբ գործող արաբներից, քրիստոնյաներից և գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը «Եփրատի ցասում» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից գրավել է Սիրիայի Տաբկա քաղաքի շուրջ 90 տոկոսը:
Al Jazeera լրատվակայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Եփրատի ցասում» գործողության ներկայացուցիչը:
#TABQA #SDF Took Down #Daesh's Flag In #Tabqah After They Liberated 95% Of It From #ISIS Militants On The #Raqqa Offensive #WrathOfEuphrates pic.twitter.com/ofkEoifmgr
— erica (@ericasangsuwan) May 3, 2017
Քաղաքը բաղկացած է հիմնական երկու մասից՝ Ալ-Սաուրա «նոր քաղաքից» և հին թաղամասերից, որոնք խմբավորումը մայիսի սկզբին գրավել էր և հայտարարել, որ իրենք այժմ շարժվում են դեպի նոր թաղամասեր:
Չնայած՝ հին թաղամասերի գրավումից հետո քաղաքի 90 տոկոսը քրդերի ձեռքում է, սակայն խմբավորման խոսնակ Թալալ Սիլոն հայտնել է, որ «նոր քաղաքում» որոշ շրջաններ դեռևս մնում են ԻՊ-ի վերահսկողության տակ, այդ շրջանների համար մարտերը շարունակվում են:
Տաբկա քաղաքը մոտ 50 կմ հեռավարության վրա է Ռաքքա քաղաքից, որը ներկայում ԻՊ կենտրոնն է: Նաև այստեղ է գտնվում Սիրիայի ամենամեծ ջրամբարը: Սրանցով էլ պայմանավորված է քաղաքի ռազմավարական նշանակությունը:
Դեռևս մարտի 27-ին «Սիրիայի դեմոկրատական ուժերը» վերահսկողություն էին հաստատել Սիրիայի խոշորագույն ջրամբարի մի հատվածի վրա, թեև ջրամբարի մի մասը շարունակում է մնալ «Իսլամական պետության» վերահսկողության տակ: Քրդերը ԻՊ-ից գրավել էին նաև Տաբկայի ավիաբազան (այն գրեթե չի օգտագործվում), ինչն էլ իր ռազմավարական կարևոր դիրքի շնորհիվ կարագացնի Ռաքքայի ուղղությամբ տարվող գործողությունների ընթացքը:
Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 5-ին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը հայտարարել է ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքան և հարակից տարածքները ազատագրելու «Եփրատի ցասում» գործողության մեկնարկի մասին։
Նշենք, որ SDF խմբավորման կազմի մեջ մտնում են զորաջոկատներ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներից» (YPG), «Քրդական դեմոկրատական միության» (PYD) ուժերից և արաբական զինյալ, ընդդիմադիր տարբեր խմբավորումներից:
Միացյալ Նահանգները աջակցում է Սիրիայի քրդական ուժերին՝ նրանց դիտարկելով որպես ԻՊ դեմ պայքարող հիմնական ուժերից մեկը: 2017-ին ԱՄՆ-ն քրդերին երկու անգամ որպես օգնություն տրամադրել է տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում՝ զրահափոխադրիչներ (1, 2):