Մայիսի 3-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք քննարկել են նաև ներկայում Թուրքիայի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող սիրիական շրջանում, ինչպես նաև Իդլիբի նահանգում «ոչ բախումային» կամ «ապաէսկալացված» շրջաններ ստեղծելու հարցը: Թուրքիայի ղեկավարն այս մասին հայտարարել է հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին:
Թուրքիայի ղեկավարը առանձնացրել է, որ թուրքական կողմի ցանկությունը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում «անվտանգության գոտի» սահմանելն է: Սակայն Իդլիբի պարագայում քննարկվում է «ոչ բախումային» գոտի հաստատելու հարցը:
Ամենայն հավանականությամբ, խոսքը Սիրիայի այդ շրջանում «կայուն հրադադարի» հաստատումն է: Հենց նշված հարցերը 2017 թ. սկզբից 3 փուլով քննարկվել են Ղազախստանի մայրաքաղաքում՝ Աստանայում:
Մայսի 3-4-ին ևս Աստանայում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի գլխավորությամբ անցկացվում են բանակցություններ, որոնց ներգրավված են նաև Սիրիայի կառավարության, զինված ընդդիմության ներկայացուցիչներ:
Իդլիբ նահանգում ներկայում տեղակայված են բազմաթիվ խմբավորումներ, որոնց մի մասը վայելում են Թուրքիայի աջակցությունը: Սակայն Աստանայում մասնակցում են համեմատաբար պակաս ազդեցության գոտի ունեցող խմբավորումներ: Նույն հատվածում տեղակայված «Ալ-Նուսրայի ճակատը» որպես ահաբեկչական կառույց չի ներգրավվում բանակցություններին: Ըստ այդմ՝ Իդլիբում «ոչ բախումային գոտու» սահմանումը առայժմ բավականին բարդ գործընթաց է:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 3-ին, ռուսաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ կողմերն Աստանայում քննարկում են Սիրիայում անվտանգության 4 գոտի ստեղծելու հարցը: Սակայն սա առայժմ որևէ կողմից չի հաստատվել: