Իրանը Սիրիային խորհրդատվական օգնություն կտրամադրի այնքան ժամանակ , քանի դեռ դրա կարիքը կա։ Բացի խորհրդականներ տրամադրելուց՝ Սիրիայի կառավարությանը աջակցելու համար Իրանը կանի հնարավոր ամեն բան։
Այս մասին մայիսի 2-ին իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը։
« Մենք [ԻՀՊԿ ցամաքային ուժերը- Razm.info] ցամաքային պատերազմում օժանդակել ենք «Ղոդսին»։ Մենք Սիրիա խորհրդականներ ենք ուղարկել և կրկին կուղարկենք։ Եվ երբ ասում ենք «խորհրդական», չպետք է հասկանալ 5-6 հոգի»,- ասել է Փաքփուրը։
Անդրարդառնալով Սիրիա ռազմական ստորաբաժանումներ ուղարկելու հարցին՝ Փաքփուրը նշել է, որ դրա անհրաժեշտությունը չկա։
Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը և, չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են զոհվում, այնուամենայնիվ իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում և շեշտում, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:
Մինչ օրս Սիրիայում Իրանի ունեցած կորուստները ավելի շատ են, քան Թուրքիայի և Ռուսաստանի կորուստները միասին վերցրած։ Մարտին Իրանի շահիդների և վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։
Մահալաթին չէր մանրամասնել, թե այդ մարտիկները որ ազգության ներկայացուցիչներ են եղել։ Ըստ Reuters գործակալության` Իրանը Սիրիա է ուղարկում հիմնականում աֆղանցիներից և պակիստանցիներից կազմված ջոկատներ:
Մինչ այս՝ նոյեմբերին, Մահալաթին հայտարարել էր, որ միայն Սիրիայում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել: Ավելի վաղ՝ 2015թ. հունիսին հայտնի էր դարձել, որ Սիրիայում սպանվել է Իրանից ուղարկված շուրջ 400 մարտիկ՝ հիմնականում աֆղանցիներ:
Սիրիայում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ: