ԱՄՆ-ն 250 զինծառայող և զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի հյուսիս. Al Masdar News

Միացյալ Նահանգները 48 նոր զրահապատ մեքենաներ և զինված ուժերի շուրջ 250 զինծառայող է ուղարկել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» վերահսկողության տակ գտնվող Ալ-Հասաքա նահանգ: Այս մասին հայտնում է արաբական Al Masdar News լրատվական կայքը:

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ ԶՈւ անձնակազմը և զինտեխնիկան Սիրիա են մտել Իրաքի Նինվե նահանգից և տեղակայվել են Սիրիայի հյուսիսային Ալ-Մալքիյահ (Դերիք) քաղաքում:

Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունն էլ իր հերթին հայտնում է, որ Թուրքիայի զինուժի՝ Սիրիայի Քարաչոք լեռան շրջանում քրդերի դիրքերին հարվածելու հետո «Միացյալ Նահանգները 22 բեռնատար զենք, զինամթերք է ուղարկել Սիրիայի քրդերին օգնելու համար»:

Նշենք, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակասություններ կան կապված Սիրիայի քրդական կառույցների հետ: Ամերիկյան կողմը Սիրիայի քրդերին դիտարկում է որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող ուժերից մեկը և զենք ու զինամթերքով աջակցում է քրդերին: Սրան հակառակ թուրքական կողմը դրանք դիտում է որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճյուղավորումներ և սպառնալիք Թուրքիայի անվտանգությանը և մեղադրում է Միացյալ Նահանգներին «ահաբեկիչներին աջակցելու համար»:

Ապրիլի 27-ին Սիրիայի քրդերի դիրքերին Թուրքիայի զինուժի հարվածներին անդրադառնալով՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները   հայտարարել է, որ Իրաքում և Սիրիայում Թուրքիայի զինուժի ավիահարվածները վտանգի տակ էին դրել այնտեղ գործող ամերիկյան զինվորականների կյանքը: 

Չնայած սրան, թուրքական կողմը շարունակում է կոշտ հայտարարություններով հանդես գալ ԱՄՆ-ի մասին: Թուրքիայի նախագահը մի քանի օր առաջ սպառանացել էր Սիրիայի և Իրաքի քրդերի դեմ գործողություններ սկսելով: Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իլնուր Չևիքը հայտարարել է, որ թուրքական զինուժը կարող է մտնել Սիրիայւի քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ, անկախ այն բանից, որ այնտեղ տեղակայված են ԱՄՆ բանակի ստորաբաժանումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *