Թուրքիան հետաքրքրված է տանկերի պաշտպանության ռուսաստանյան համակարգերով

Թուրքիան հետաքրքրված է Ռուսաստանի արտադրած տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգերի, տանկերի ակտիվ և պասիվ պաշտպանության համակարգերով, ինչպես նաև հրաձգային զինատեսակներով և դրանց զինամթերքով:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանում արտադրվող սպառազինության միակ պետական արտահանող «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության ղեկավար Ալեկսանդր Միխեևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշված ուղղություններից գոնե երկուսի՝ հակաօդային պաշտպանության և զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության համակարգերի մասով թուրքական բանակում խնդիրներ կան:

Թուրքիան չունի զրահատեխնիկայի / տանկերի ակտիվ պաշտպանության համակարգերի սեփական արտադրություն: Սակայն դրանք կարող են անհրաժեշտ լինել թուրքական բանակի ներկա սպառազինության մեջ մտնող տանկերի պաշտպանության համար:

Ակտիվ պաշտպանության համակարգի նպատակն է հայտնաբերել տանկի ուղղությամբ թռչող հրթիռներն ու արկերը, արձակել «հակահրթիռ» և դրա պայթյունով ոչնչացնել հակառակորդի հրթիռը:

Թուրքիայի խնդիրն այն է, որ Սիրիայում թուրքական բանակի մարտական գործողությունները ցույց են տվել, որ թուրքական զրահատեխնիկան բավարար պաշտպանված չէ: Հիմնվելով լուսանկարների և տեսանյութերի, ինչպես նաև արբանյակային լուսանկարների վրա՝ հեղինակավոր Bellingcat կենտրոնը եզրակացրել է, որ միայն Սիրիայի հյուսիսային Ալ Բաբ քաղաքի գրոհի ընթացքում թուրքական զինուժը կորցրել է նվազագույնը 8 միավոր Leopard 2a4 տանկ, 1 միավոր М60Т տանկ, 2 միավոր Otokar Kobra զրահամեքենա և 2 միավոր զրահափոխադրիչ:

Սիրիայում ԻՊ դեմ մարտերի ընթացքում խոցված թուրքական «Լեոպարդ-2» տանկերից մեկը

Սիրիայում ԻՊ դեմ մարտերի ընթացքում խոցված թուրքական «Լեոպարդ-2» տանկերից մեկը

Ավելի վաղ՝ 2016-ի նոյեմբերին, թուրքական «Ասելսան» ընկերությունը և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը ստորագրել են «Ալթայ» տանկի համար զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության AKKOR համակարգի արտադրման և մատակարարման մասին պայմանագիր։

Սակայն այն պայմաններում, որ թուրքական «Ալթայների» համար շարժիչների նախագծման ու արտադրության հարցը դեռ օդում կախված է (նախկին պայմանագիրը չեղարկվել է փետրվարին), հարցականի տակ է ընդհանրապես այս տանկի ճակատագիրը:

Չնայած թուրքական ռազմարդյունաբերության պատասխանատուները մտադիր են տանկի առաջին 15 միավորանոց խմբաքանակը ստանալ 2020 թվականին՝ սակայն եթե անգամ այս ժամկետների մեջ դա հնարավոր լինի անել, ապա բաց է մնում Թուրքիայի սպառազինության մեջ եղած մյուս տանկերը և մյուս զրահատեխնիկան ակտիվ պաշտպանության համակարգերով զինելու հարցը:

Մյուս կողմից, ակտիվ պաշտպանության համակարգերի կիրառման դեպքում հակատանկային հրթիռի ու «հակահրթիռի» պայթյունից առաջացող հարվածային ալիքն ու բեկորները կարող են խոցել հենց սեփական հետևակային զինծառայողներին:

Ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանության համակարգերին, ապա Ս-300, Ս-400, «Պատրիոտ» կամ նման այլ տիպի համակարգեր չունենալու պատճառով թուրքական կողմը ստիպված է թույլ տալ, որ մասնավորապես Սիրիայի հետ իր սահմանները հսկեն ՆԱՏՕ-ի գործընկերները՝ Թուրքիայում տեղակայելով իրենց «Պատրիոտ» համակարգերը:

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Սակայն գործընկերների հետ քաղաքական հարաբերությունների լարման ընթացքում Թուրքիան կարող է զրկվել այդ պաշտպանությունից: Հարցումները ցույց են տալիս, որ Բեռլինի հետ ներկա վատ հարաբերությունների պայմաններում գերմանացիների 80 տոկոսը կողմ է իրենց բանակի «Պատրիոտների» դուրսբերմանը Թուրքիայից:

Այս պայմաններում Թուրքիան հայտարարել էր հեռահար ՀՕՊ համակարգերի գնման մրցույթ, որին մասնակցում էին նաև ամերիկյան «Պատրիոտ», ռուսաստանյան Ս-300 և չինական HQ-9 (Ս-300-ի չինական կրկնօրինակ) համակարգերը: Սակայն ավելի ուշ Թուրքիան խզեց պայմանագիրը մրցույթում հաղթած չինական ընկերության հետ, և մրցույթը չեղարկվեց:

Հիմա էլ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ Ս-400 համակարգեր գնելու համար: Այժմ երկրները  բանակցում են վարկի տրամադրման հարցի շուրջ, և վարկի չափը որոշելուց ու համաձայնագիր կնքելուց հետո կողմերը կստորագրեն Ս-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *