Թուրքիայի ՊՆ ռազմարդյունաբերության քարտուղարությունը իր 2017-2021 թթ համար նախատեսված զարգացման պլանով երկրի ռազմարդյունաբերությունը զարգացնելու և ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը մեծացնելու համար ավելի շատ կհենվի տեղական արտադրության վրա:
Ռազմարդյունաբերության քարտուղարության զեկույցին (թուրքերեն) անդրադարձել է ամերիկյան Defence News պարբերականը:
Զարգացման պլանի էությունը տարբեր ոլորտներում հնարավորինս լայն կերպով տեղական ձեռնարկություններին ներգրրավվելն է, ինչը պետք է խթանի տեղական ռազմարդյունաբերությունը և ավելի քիչ կախվածության մեջ կդնի Թուրքիային, ինչպես նաև կմեծացնի ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալները:
Զեկույցի մեջ նշվում է, որ պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի տարեկան շրջանառությունը 2002թ 1,3 միլիարդի համեմատ ներկայումս կազմում է 5 միլիարդ դոլար, իսկ արտահանումը համապատասխանաբար 247 միլիոնի դիմաց 1,7 մլրդ դոլար:
Զարգացման պլանը վերաբերում է ռազմարդյունաբերության ամենատարբեր ոլորտներին, մասնավորապես՝ առաջնահերթ դեր է տրվել տեղական TF-X ռազմական ինքնաթիռների, «Ալթայ» տանկերի, «Կիրպի» զրահամեքենաների, թեթև ուղղաթիռների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի նախագծմանը և արտադրությանը:
Նախատեսված աշխատանքները ըստ տարիների ներկայացված են ստորև:
2017
- 3 միավոր օպերատիվ-հետախուզական և 20 միավոր մարտավարական-հետախուզական ԱԹՍ-ի ստացում,
- Ինքնաթիռային պլատֆորմի համար նախատեսված կապի խլացման միջոցների զարգացման ծրագրի պայմանագրի կնքում,
2018
- Առափնյա անվտանգության ռադարների ընդունում սպառազինության մեջ,
- 10 միավոր օպերատիվ-հետախուզական և 8 միավոր մարտավարական-հետախուզական ԱԹՍ-ի ստացում,
- Հեռահար ՀՕՊ և հակահրթիռային համակարգի նախագծման աշխատանքների 20%-ի իրականացում,
2019
- Առափնյա անվտանգության ռադարների վերաբերյալ պայմանագրի կնքում,
- 13 միավոր օպերատիվ-հետախուզական ԱԹՍ-ի ստացում,
- Հեռահար ՀՕՊ և հակահրթիռային համակարգի նախագծման աշխատանքների 20%-ի իրականացում (հասցնելով 40%-ի),
2020
- 4 միավոր օպերատիվ-հետախուզական ԱԹՍ-ի ստացում,
- 15 միավոր «Ալթայ» տանկի ստացում,
- Կապի ճնշման միջոցներով հագեցած առաջին ռազմական ինքնաթիռի մատակարարում,
- Հակարթիռային նախազգուշացնող համակարգերի պատրաստում,
- Հեռահար ՀՕՊ և հակահրթիռային համակարգի նախագծման աշխատանքների 30%-ի իրականացում (հասցնելով 70%-ի),
- TF2000 ռազմանավի (ֆրեգատ) կառուցում,
2021
- Ցամաքային զինտեխնիկայի շարժիչների կառուցում,
- Տեղական գազատուրբինային շարժիչների կառուցում,
- 15 միավոր «Ալթայ» տանկի ստացում,
- Հեռահար ՀՕՊ և հակահրթիռային համակարգի նախագծման աշխատանքների 30%-ի իրականացում (հասցնելով 100%-ի),
- Առաջին շարժական ՌԷՊ համակարգերի ստացում: