Թուրքիան ցանկանում է ռուսաստանյան վարկով ձեռք բերել սպառազինություն, այդ թվում՝ Ս-400 զենիթահրթիռային համալիրներ։ Այժմ երկրները բանակցում են վարկի տրամադրման հարցի շուրջ, և վարկի չափը որոշելուց ու համաձայնագիր կնքելուց հետո կողմերը կստորագրեն Ս-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագիր։
Այս մասին հայտարարել է ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։ Մարտի 14-ին փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը թուրքական NTV հեռուստաընկերությունով հայտարարել էր, որ Թուրքիայում քննարկում են ռուսաստանյան Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցը։
Ավելի վաղ Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան բանակցություններ են վարում Թուրքիային Ս-400 համալիրների վաճառքի շուրջ:
Փետրվարի 21-ին Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ևս հայտարարել է, որ Ս-400 համալիրների գնման հարցում Ռուսաստանի և Թուրքիայի բանակցությունները դրական կերպով առաջ են ընթանում:
Ավելացնենք, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել առավել մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր, սակայն 2013 թ. մինչ օրս հայտարարված մրցույթը քանիցս հետաձգվել է: Տեղում թուրքական ընկերություններն առայժմ արտադրում և փորձարկում են ցածր հեռահարության համակարգեր: Ռազմինֆոյում կարող եք կարդալ նաև այս գործընթացի նախապատմության ու զարգացումների մասին։
Հիշեցնենք, որ 2015 նոյեմբերի 15-ին Թուրքիան որոշել է դադարեցել մեծ հեռահարությամբ ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ բանակցությունները Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության հետ և չեղարկել 3 միլիարդ ամերիկյան դոլար արժողությամբ մրցույթը։
Հավելենք նաև, որ մեծ և միջին հեռահարության ՀՕՊ համակագեր գնելու մրցույթին թուրքերը նախ 2013-ի սեպտեմբերին հաղթող էին ճանաչել Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը:
Նշենք, որ ՀՕՊ Ս-400 զենիթահրթիռային համալիրները նախատեսված են ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները նկատում է մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 400 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա։
One response to “Թուրքիան ցանկանում է Ս-400 համալիրներ ձեռք բերել Ռուսաստանի վարկով”