Գերմանացիները կողմ են Թուրքիայից գերմանացի զինծառայողների դուրսբերմանը

Գերմանացիների շրջանում հարցում է անցկացվել Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանացի զինծառայողներին դուրս բերելու վերաբերյալ: Թուրքիայից գերմանացի զինծառայողների դուրս բերմանը կողմ է արտահայտվել հարցմանը մասնակցած մարդկանց  79.6 տոկոսը:Այս մասին մարտի 15-ին  տեղեկացնում է գերմանական «Welt» լրատվակայքը։

Գերմանացի զինծառայողները Թուրքիայում

Գերմանացի զինծառայողները Թուրքիայում

Դուրս բերմանը կողմ արտահայտվածներից 40.8 տոկոսը ցանկանում է, որ զինծառայողները տեղափոխվեն այլ երկիր, իսկ 38.8 տոկոսը ցանկանում է, որ նրանք վերադառնան Գերմանիա։ Հարցվածների միայն 14.8 տոկոսն է համարել, որ զինծառայողները պետք է մնան Թուրքիայում։

Նշենք, որ վերջին շրջանում խիստ լարվել են Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները։ Պատճառն այն է, որ Գերմանիայի իշխանությունները Թուրքիայի ներկայացուցիչներին արգելել են սահմանադրական փոփոխությունների քարոզարշավ անցկացնել Գերմանիայի տարածքում: Արդյունքում չեղարկվել են նախապես պլանավորված միջոցառումներ, ինչից հետո Թուրքիայի նախագահը քննադատել է Գերմանիայի իշխանություններին:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 10-ին Գերմանիայի խորհրդարանը հաստատել է ևս մեկ տարով՝ մինչև 2017-ի վերջ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Թուրքիայում տեղակայված գերմանական զինուժի մասնակցության վերաբերյալ մանդատը երկարաձգելու և ընդլայնելու որոշումը:

Համաձայն մանդատի՝ ԻՊ դեմ պայքարելու համար ընդգրկված են Գերմանիայի ԶՈւ 1200 զինվորական, 6 Tornado հետախուզական ինքնաթիռ, նաև մեկ տրանսպորտա-լիցքավորող ինքնաթիռ, որոնք տեղակայված են «Ինջիրլիք» ավիաբազայում:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրների հարաբերությունները լարված են մասնավորապես 2016 թվականի հունիսի 2-ից հետո, երբ Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, ինչից հետո Թուրքիան արգելեց գերմանացի պաշտոնյաների այցը «Ինջիրլիք»:

Թուրքիայի այս քայլից հետո, ըստ Reuters գործակալության, Գերմանիայի զինված ուժերում քննարկում էին Tornado հետախուզական ինքնաթիռները, ինչպես նաև 1 բեռնատար-լիցքավորող ինքնաթիռը, որոնք ներգրավված են ԻՊ դեմ պայքարում, տեղափոխել Հորդանան կամ Կիպրոս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *