Սիրիան դիմել է ՄԱԿ՝ ԱՄՆ կոալիցիայի կողմից Եփրատի ամբարտակներին հարվածները դադարեցնելու պահանջով

ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով ժամանակավոր հավատարմարար Մունզեր Մունզերը գրավոր դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությանը և անվտանգության խորհրդին՝ պահանջելով ստիպել ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային դադարեցնել ավիահարվածներ հասցնել Եփրատ գետի ամբարտակներին։

Այս մասին մարտի 16-ին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։

Եփրատ գետի վրա կառուցված «Տիշրին» ամբարտակը

Եփրատ գետի վրա կառուցված «Տիշրին» ամբարտակը

Մունզերը դիմումում նշել է, որ եթե ավիահարվածների պատճառով Եփրատի ամբարտակները փլուզվեն, ապա աղետալի հետևանքներ կառաջանան. ջրածածկ կլինեն մի շարք քաղաքներ և  գյուղեր։

Բացի այդ, ամբարտակների փլուզման հետևանքով կվնասվի նաև Հալեպի, Ռաքքայի, Դեյր Զորի բնակչությանը  խմելու ջրով ապահովող միակ աղբյուրը, ինչպես նաև ամբողջովին կկասեցվեն գյուղատնտեսական  մի շարք միջոցառումներ, կաթվածահար կլինի Սիրիայի էներգետիկ ցանցը։ Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ըստ Մունզերի՝ ահաբեկիչների դեմ  պայքարի արդյունավետության համար պետք է համակարգվեն  ահաբեկիչների դեմ պայքարող ուժերի գործողություները։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Սիրիայի կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել էին  Եփրատ գետի արևմտյան հատվածում տեղակայված Հալեպ քաղաքին խմելու ջուր մատակարարող հիմնական ջրի կայանը։

Իսկ մարտի 10-ին վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել էր Հաֆսա քաղաքի արևելքում առաջանալ դեպի Եփրատի ափ։ Կառավարական բանակը վերահսկողություն էր  հաստատել ափի 15 կիլոմետրանոց հատվածի վրա։

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան կազմավորվել է 2014-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ «Իսլամական պետությունը» 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացավ Իրաքի բանակից գրավել մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը։

Ներկայումս ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան օդային հարվածներով ակտիվորեն մասնակցում է Մոսուլի՝ ահաբեկիչներից ազատագրման գործողությանը, որի մեկնարկի մասին հոկտեմբերի 17-ին  հեռուստատեսությամբ հայտարարել էր Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին։

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային միացել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հորդանանը, Ավստրալիան,Գերմանիան, Դանիան, Բելգիան, Կանադան, Իտալիան,Հոլանդիան և Մարոկկոն :

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *