Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի նոյեմբերին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 7 և վիրավորման 1 դեպք։

Մահացածներից 5-ը եղել են զինված ուժերի զինծառայողներ: Նրանցից երկուսը սպանվել է հայկական գնդակից, մեկը՝ սպանությունից, մեկը՝ առողջական պատճառով, ևս մեկի մահվան հանգամանքները պարզված չեն: Զինված ուժերի զինծառայող է եղել նաև արձանագրված մեկ վիրավորը, որ վիրավորվել է հայկական գնդակից:

Եվս երկու ուժային (հատուկ նշանակության ուժերից*) սպանվել է Ադրբեջանի Նարդարանի շրջանում բախումների ժամանակ:

Ենթասպա Ֆարիզ Նովրուզովի հուղարկավորությունը

Ենթասպա Ֆարիզ Նովրուզովի հուղարկավորությունը

Մահացածներ

Նոյեմբերի 7-ին սպանվել է 1996-ին ծնված և 2015-ի ապրիլին զորակոչված զինծառայող Սիրաջլը Մեհեմմեդ Մալիք օղլուն (Siraclı Məhəmməd Malik oğlu): Զինծառայողի հարազատներին ՊՆ պաշտոնյաները ասել են, թե զինծառայողն ինքնասպան է եղել, սակայն դին զննելիս հարազատները զինծառայողի մեջքին հայտնաբերել են 3 հրազենային վերք, ինչը բացառում է ինքնսպանության պաշտոնական վարկածը: Ադրբեջանի ՊՆ-ն կորստի մասին հայտնել է ուշացումով, երբ այդ մասին հայտնի է դարձել լրատվամիջոցներին:

Նոյեմբերի 12-ին մահացել է 2015-ի հուլիսի Ադրբեջանի զինված ուժեր զորակոչված, 21-ամյա ժամկետային զինծառայող Քերիմով Նուրլանը (Kərimov Nurlan): Վերջինի մահվան պատճառը, սակայն, դեռևս պարզել չի հաջողվել։ Ադրբեջանի ՊՆ-ն այս կորստի մասին տեղեկությունը թաքցրել է, չի հայտնել:

Նոյեմբերի 29-ին արյան բարձր ճնշումից մահացել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Բալականի (Ադրբեջանի հյուսիսում) ավիացիոն ուսումնական կենտրոնի տնօրեն, ռազմական օդաչու, փոխգնդապետ Մահյադդին Սուլեյմանովը (Məhyəddin Süleymanov): Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնել այս կորստի մասին:

Նոյեմբերի 30-ին հայկական կողմի կրակոցից սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Իսմայիլով Էլշան Այդըն օղլուն (İsmayılov Elşən Aydın oğlu): Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է այս կորստի մասին:

Նոյեմբերի 30-ին առաջնագծում կրակոցներից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Նովրուզով Ֆարիզ Էլլաբաս օղլուն (Novruzov Fariz Əllabbas oğlu): Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի մահվան մասին չեն հայտնել ո´չ երկրի ՊՆ-ն, ո´չ էլ ադրբեջանական լրատվամիջոցները։

* Նոյեմբերի 26-ին Բաքվի մոտ գտնվող և շիադավան թյուրքախոս կովկասյան իրանցիներով բնակեցված Նարդարան բնակավայրում տեղացիների և ոստիկանների / ազգային անվտանգության ծառայողների միջև բախումների արդյունքում սպանվել է նաև երկու հատուկջոկատային՝ Նասիբով Վուգար Էյուբ օղլուն (Nəsibov Vüqar Əyyub oğlu) և Թաղիև Իսմայիլ Ռասուլ օղլուն (Tağıyev İsmayıl Rəsul oğlu): Ռազմինֆոն այս կորուստները նույնպես հաշվել է, քանի որ սպանվածները եղել են հատուկ նշանակության ուժերի ծառայողներ:

Վիրավոր

Նոյեմբերի 30-ին հայկական գնդակից ձախ ձեռքից «թեթև վիրավորվել է» պայմանագրային զինծառայող Նասիբով Բահրուզ Սահիբ օղլուն (Nəsibov Bəhruz Sahib oğlu)։ Վիրավորման մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

2015-ի հունվար-նոյեմբեր ամիսների նախնական ամփոփում

Բաց աղբյուրների հետազոտության արդյունքում Ռազմինֆոն արձանագրել է Ադրբեջանի բանակում և անվտանգության համակարգի այլ կառույցներում գրանցված մահվան ելքով 84 դեպք, որոնց ժամանակ մահացածների անձնական տվյալները հայտնի են։ Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես խոստովանել է 84 մահացածներից միայն 40-ի մահը։ Մյուս պատահարների մասին տեղեկությունները հայտնի են դարձել հիմնականում սոցիալական ցանցերից և ադրբեջանական այլ բաց աղբյուրներից։

Նշված ժամանակահատվածում գրանցված 84 կորստից 42-ը գրանցվել են մարտական պայմաններում (այդ թվում՝ Նարդարանում զոհված հատուկջոկատայինները)։ Այս թիվը ներառում է նաև Պաշտպանության բանակի հրապարակած տվյալները։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին 29-ին Պաշտպանության բանակը հայտնել էր դրա նախօրեին Ադրբեջանի ԶՈւ-ում գրանցված մարտական ևս 6 կորստի մասին՝ հրապարակելով նաև նրանց անուններն ու զորակոչման ամսաթվերը։ Հրապարակված այդ տվյալները հակված ենք համարել ստույգ՝ հատկապես, լրացուցիչ որոշ աղբյուրների հետազոտությունից հետո։

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *