Հայկական զինուժի կորուստները 2015-ի նոյեմբերին. Ռազմինֆո

2015-ի նոյեմբերի 1-30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 7 դեպքի մասին։ Համեմատության համար՝ նախորդ տարվա նոյեմբերին հայկական զինված ուժերում 4 կորստի մասին էր հայտնի։

տարբերանշան

Razm.info-ն զանազանում է մարտական և ոչ մարտական կորուստները։ Առաջինը հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների զոհերն են։ Ոչ մարտական կորուստներն, իրենց հերթին, պայմանականորեն բաժանված են մի քանի ենթախմբի՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ՃՏՊ-ներ, զենքի, զինամթերքի հետ անզգույշ վարմունք, և այլն)։

Կորուստներ

Նոյեմբեր ամսվա 7 կորուստներից 2-ը մարտական են, իսկ 5-ը՝ ոչ մարտական։ Մարտականները գրանցվել են Պաշտպանության բանակում։

Մարտական կորուստներ

Նոյեմբերի 12-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել են շարքային զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):

Ոչ մարտական կորուստներ

Նոյեմբերի 5-ին, ըստ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի տվյալների, Վանաձորի բժշկական հաստատություներից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, 1964թ. ծնված Լևոն Տոնոյանը: Վերջինս աշխատել է որպես պահակ: Ըստ ՀԿ-ի տվյալների` մահվան պատճառը եղել է պոկված տրոմբային գոյակցությունը, որը խցանել է աորտան: Այս մասին պաշտոնական/ոչ պաշտոնական տեղեկատվության չի եղել:

Նոյեմբերի 6-ին Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին ավտովթար է եղել, որի ժամանակ զոհվել է 2 երիտասարդ` մեկը արձակուրդում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող։ Զոհվածը, հայաստանյան NEWS.am-ի տեղեկություններով, 18–ամյա Խաչիկ Պողոսյանն է, ով ծառայել է Պաշտպանության բանակում 1 տարի, վթարի օրը եղել է արձակուրդում:

Նոյեմբերի 15-ին Մեղրի-Ագարակ հատվածի 1-ին կմ-ին «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Մեղրի գետը: Վթարի հետևանքով մահացել են ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողներ Վոլոդյա Մարտիրոսյանը և Արամ Ասլանյանը:

Նոյեմբերի 28-ին սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, գլխի գագաթային շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել զորամասի բուժկետ, որտեղ էլ գրանցվել է նրա մահը։ ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ տեղեկացրել է, որ հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

2015թ. հայկական զինված ուժերում գրանցված կորուստներն են՝

Հունվար — 12 զոհ և 8 վիրավոր
Փետրվար — 6 զոհ և 1 վիրավոր
Մարտ — 8 զոհ և 4 վիրավոր
Ապրիլ — 4 զոհ և 10 վիրավոր
Մայիս — 1 զոհ և 1 վիրավոր
Հունիս — 3 զոհ և 6 վիրավոր
Հուլիս — 2 զոհ և 4 վիրավոր
Օգոստոս — 4* զոհ և 3* վիրավոր
Սեպտեմբեր — 14 զոհ և 21 վիրավոր
Հոկտեմբեր — 2 զոհ և 4 վիրավոր
Նոյեմբեր — 7 զոհ

Տարվա սկզբից հայտնի է դարձել 63 կորստի մասին, որից 33-ը՝ մարտական և 30-ը՝ ոչ մարտական կորուստ։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *