[Լրացված] Թուրքիայի հարավում խոշոր ահաբեկչություն է եղել, կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Շանլըուրֆա նահանգի Սուրուչ գավառում ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, վիրավորների թիվն անցնում է 100-ը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարի` հուլիսի 20-ին արած հայտարարությանը:

Ահաբեկչական գործողություն՝ Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում

Ահաբեկչական գործողություն՝ Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում

«Վտանգ կա, որ զոհերի թիվը կաճի: Շանլըուրֆայի հիվանդանոցում ներկայումս ավելի քան 100 մարդ է բուժվում` պայթյունի հետևանքով վիրավորվելու պատճառով»,- նշված է հայտարարությունում։

Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության կայքի փոխանցմամբ՝ գործողությունն իրականացրած մահապարտ ահաբեկիչի դիակը գտել են մահացածների մեջ։

Euronews-ը, հղում անելով քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» խորհրդարանական անդամ Փերվին Բուլդանին, հայտնում է, որ ահաբեկչության թիրախը եղել են քաղաքապետարանին պատկանող մշակույթի կենտրոնի բակում հավաքված քրդամետ խմբերից մեկի՝ «Սոցիալիստական երիտասարդական ասոցիացիաների ֆեդերացիայի» անդամները, ովքեր պատրաստվում էին անցնել սահմանն ու այցելել Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից, քրդաբնակ Քոբանի քաղաք։

Ահաբեկչության կազմակերպչի անձի վերաբերյալ պաշտոնական վարկածներ դեռ չկան` չնայած բրիտանական Reuters լրատական գործակալության փոխանցմամբ՝ հավանական է, որ ահաբեկիչը «Իսլամական պետություն» կազմակերպության անդամներից է։

Սահմանամերձ թուրքական Սուրուչ գավառն ու սիրիական Քոբանի քաղաքը

Սահմանամերձ թուրքական Սուրուչ գավառն ու սիրիական Քոբանի քաղաքը

Ահաբեկչական այս գործողությանը զուգահեռ ևս մեկ պայթյուն է եղել Քոբանիում։ Sputnik-ի հավաստմամբ՝ նախնական տվյալներով զոհվել է 2 մարդ, իսկ թուրքական ընդդիմադիր Cihan լրատվական գործակալությունը հայտնում է 50 վիրավորի մասին։

[Լրացում] Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը հրապարակել է պայթյունի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես են քրդամետ կազմակերպության անդամները պատրաստվում գնալ Քոբանի` «հաղթանակի հասնելու և այն վերակառուցելու» համար: Պարբերականը հայտնում է, որ «Սոցիալիստական երիտասարդական ասոցիացիաների ֆեդերացիայի»  շուրջ 300 անդամներ պատրաստվում էին անցնել Քոբանի քաղաք` այն կրկին վերակառուցելու համար: