Հայաստանում ՌԴ ռազմաբազայի տանկիստները վարժանքներ են անցկացնում

Ռուսաստանի ԶՈւ՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տանկիստները գործնական պարապմունքներ են սկսել հայաստանյան «Ալագյազ» զորավարժարանում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռուսաստանի զինված ուժերի տանկը վարժանքների ժամանակ

Ռուսաստանի զինված ուժերի տանկը վարժանքների ժամանակ

Զինծառայողների կրակային պատրաստության մակարդակը բարձրացնելու և լեռնային տեղանքում տանկերի ղեկավարմանը ծանոթացնելու համար անցկացվող վարժանքներին մասնակցում են ռազմաբազայի շուրջ 100 զինծառայող:

Տանկերի 10կմ-անոց երթի ժամանակ նոր մեխանիկ վարորդները հաղթահարելու են տարբեր բարդության խոչընդոտներ, մասնավորապես՝ «խրամ», «էսկարպ», «կամուրջ» և այլ արհեստական արգելքներ:

Վերջում տանկերի անձնակազմերը կրակային պատրաստության վարժանքներ են անելու և խոցելու են 500-2000 մետր հեռավորության վրա ամրացված թիրախներ:

Նշենք, որ ներկայում ՌԴ ռազմաբազայի մոտ 1000 զինծառայող և մոտ 250 միավոր տեխնիկա ևս ներգրավված է կրակային վարժանքների մեջ:

Նշենք, որ վարժանքներին նախորդել էին հանկարծակի ստուգումներ ինչպես Գյումրիում տեղակայված կայազորում, այնպես էլ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբում: Հանկարծակի ստուգումների և վարժանքի նպատակը ռազմաբազայի հերթապահ ստորաբաժանումների պատրաստությունը ստուգելն է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *