Թուրքիայի ԶՈւ-ն սիրիական Աթնեհ քաղաքին սահմանակից Հաթայ նահանգի Ռեյհալը գավառում սկսել է 3 մետր բարձրությամբ պատ կառուցել (պատի երկարությունն առայժմ հայտնի չէ)։ Պատի դիմաց փորվում է նաև 8 կմ երկարությամբ խրամատ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։
Որոշումը կայացվել է հուլիսի 20-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության՝ Սուրուչում իրականացրած գործողությունից հետո, ինչի հետևանքով 33 քուրդ զոհվեց։
Հիշեցնենք, որ Սուրուչի ահաբեկչության հետևանքով զոհվել է 33 քուրդ։ Այդ գործողությունից հետո թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: