Թուրքական դատարանն արգելել է ահակեբչական պայթյունի վերաբերյալ ինֆորմացիայի տարածումը

Թուրքիայի՝ Սիրային սահմանակից Սուրուչ գավառի դատարանն արգելել է հուլիսի 20-ի ահաբեկչական պայթյունի վերաբերյալ տեղեկությունների տարածումը բոլոր տեսակի լրատվամիջոցների կողմից։ Մասնավորապես, սոցիալական ցանցերին պարտադրվել է հանել և չտարածել պայթյունի պահը նկարագրող տեղեկություններ։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ահաբեկչական գործողություն՝ Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում

Ահաբեկչական գործողություն՝ Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում

Նշվում է, որ դատարանը «Յություբ», «Ֆեյսբուք» և «Թվիթեր» սոցիալական ցանցերին պարտադրել է հանել պայթյունի մասին տեղեկությունները և «զանգվածային անկարգությունների կոչ անող անօրինական հայտարարությունները»։  Բացառությամբ «Թվիթերի»՝ մյուս ցանցերը կատարել են պահանջը, իսկ «Թվիթերի» մուտքը Թուրքիայի տարածքում փակվել է։ Սոցիալական ցանցը հասանելի կլինի միայն դատարանի պահանջը կատարելուց հետո։

Նշենք, որ ահաբեկչական պայթյունից հետո, որը խլել է 32 մարդու կյանք, Թուրքիայի տարբեր շրջաններում բողոքի երթեր սկսվեցին։ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում թուրքական ոստիկանությունն անգամ ջրաշիթերով և արցունքաբեր գազով ցրեց ցույցը։ Թուրքիայի տարբեր վայրերում, մասնավորապես՝ ազգությամբ քուրդ բնակիչները, ահաբեկչության համար մեղադրում են Թուրքիայի ղեկավարությանը։ Թուրքական կառավարությունն իր հերթին նշում է, որ ահաբեկչությունը կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Շանլըուրֆա նահանգի Սուրուչ գավառում հուլիսի 20-ին գրանցված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել էր առնվազն 32 մարդ, վիրավորների թիվն անցնում է 100-ը: Ահաբեկչության թիրախը եղել են Սուրուչի քաղաքապետարանին պատկանող մշակույթի կենտրոնի բակում հավաքված քրդամետ խմբերից մեկի՝ «Սոցիալիստական երիտասարդական ասոցիացիաների ֆեդերացիայի» անդամները, ովքեր պատրաստվում էին անցնել սահմանն ու այցելել Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից, քրդաբնակ Քոբանի քաղաք։ Վերջիններս հայտարարել էին, որ նպատակ ունեն մասնակցել Քոբանիի վերակառուցման աշխատանքներին, որը ներկայումս գտնվում է Սիրիայի քրդական ուժերի ձեռքում, մեծամասամբ քրդաբնակ է և հանդիսանում է Սիրիայի քրդական Ռոժովա շրջանի կենտրոնական քաղաքներից ու քրդերի հենակետերից մեկը։

Հավելենք, որ Թուրքիան մշտապես անհանգստացել է Սիրիայի տարածքում քրդական ուժերի ակտիվացումից՝ համարելով, որ քրդերի ակտիվացումը կարող է իր ազդեցությունն ունենալ Թուրքիայում ապրող միլիոնավոր քրդերի վրա։ Թուրքիայի ղեկավարները մշտապես հայտարարել են, որ քրդական YPG-ն Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) թև է։

Քոբանի և Թել Աբյադ քաղաքներում քրդերի գրանցած հաջողություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի կարելի թույլ տալ Սիրիայի տարածքում քրդական պետության ստեղծումը։ Այժմ կարելի է ենթադրել, որ Թուրքիան անհանգստացած է քրդական ուժերի հաջողություններից և ցանկանում է իր հսկողության տակ վերցնել թուրք-սիրիական սահմանի կարևորագույն կետերը՝ փորձելով կասեցնել քրդական ուժերի հաջողությունները։

Չնայած այս հանգամանքն ամենևին չի կարող հստակ ապացուցել, որ Էրդողանի վարչակազմը միջամտել է այդ ահաբեկչությանը, սակայն հարկ է փաստել, որ վերջին օրերին Թուրքիայի ղեկավարությունը փորձում է սահմանափակել պայթյունի վերաբերյալ ոչ ցանկալի տեղեկությունների հրապարակումը։ Հավելենք նաև, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայում ինտենսիվացել են քրդական ուժերի և թուրքական բանակի ու ոստիկանության բախումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *