Հուլիսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մտահոգություններն ու հետագա քայլերին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հուլիսի 20-ին համանախագահներին ընդունել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ում հյուրերը ներկայացրել են մինչև տարեվերջ իրենց ծրագրերը: Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է նրան, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծի Արցախի հատվածի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժը, տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակելով, խախտում է հրադադարի ռեժիմը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը Արցախի հետ սահմանին կիրառում է նաև 60մմ և 82մմ տրամագծով ականանետեր, ԱԳՍ-17 նռնականետեր և այլ զինատեսակներ: Իսկ նախորդ շաբաթ ակտիվացել էին ադրբեջանական օդուժի թռիչքները սահմանի երկայնքով: Դրան ի պատասխան ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ ադրբեջանցիների՝ հայկական օդային տարածքը խախտելու դեպքում ՊԲ ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ:
Ավելացնենք, որ համանախագահների այցերից հետո՝ հուլիսի 22-ին նախատեսվում է նաև ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ:
ԵԱՀԿ դիտորդների նախորդ դիտարկումը եղել էր հուլիսի 8-ին, իսկ Ռազմինֆոյի հավաքած ժամանակագրության մեջ ներկայացված են Հայաստան-Ադրբեջան սահմանում ԵԱՀԿ դիտորդների բոլոր դիտարկումները 2014-ի դեկտեմբերից:
Pingback: ԵԱՀԿ դիտարկում Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info