Թուրքական «Ասելսան» և STM ռազմարդյունաբերական ընկերությունները ստորագրել են Պակիստանի ՌԾՈւ տանկերի (նավի) վրա պաշտպանական համակարգերի տեղադրման 4,7 մլն եվրո (մոտ 5,1 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ պայմանագիր: Այս մասին հայտնում է «Ասելսան» ընկերության կայքը:
Պակիստանում թուրքական STM ընկերության կողմից նավի կառուցման ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրով թուրքական «Ասելսանը» ստանձնել է նավի պաշտպանության համար` 25 մմ տրամաչափի հեռակառավարվող կայունացված հրետանային համակարգերի տեղադրման և մարտավարական գործողությունների համար` կապի կոդավորման համակարգի տրամադրման պարտականություններ:
Նշվում է նաև, որ Պակիստանի ռազմածովային ուժերն արդեն իսկ օգտագործում են «Ասելսանի» արտադրության 12,7 և 25 մմ տրամաչափերի հեռակառավարվող գնդացրային համակարգերը և կապի միջոցները:
Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) հրետանային համակարգ (STOP). STOP համակարգը համալրված է զենքի ղեկավարման միասնական համակարգով, կարող է ինքնուրույն հետևել թիրախներին, համալրված է մոդուլային կայանով և արձակում է 25 մմ տրամաչափի արկեր: Համակարգը սպառազինված է ջերմային տեսանելիության, հեռուստատեսային տեսախցիկներով, ունի լազերային հեռաչափ:
Կապի կոդավորման համակարգ (MAS). MAS համակարգը նախատեսված է նավի ռադիոկապի համակարգերի, ձայնային անվտանգության սարքավորումների, տվյալների անվտանգության սարքավորումների, մոդեմների և կապի մյուս համակարգերի միջև կապն ապահովելու, այդ կապը գաղտնագրելու և կոորդինացնելու համար:
Հավելենք, որ Պակիստանի ՌԾՈւ նավատորմի տանկերի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 2013-ի հունվարին` Պակիստանի պաշտպանության նախարարության և թուրքական STM ինժեներական ընկերության միջև: Ըստ պայմանագրի` 15600 տոննա կշռող նավը պետք է ունենա շուրջ 155 մ երկարություն: Այն պետք է կառուցվի պակիստանյան «Կարաչի» նավաշինական ընկերության ենթակառուցվածքների օգտագործմամբ: Տանկերը պետք է ունենա ծովում լիցքավորվելու համակարգ, ունենա ուղղաթիռների թռիչքի և վայրէջքի հարթակ և զարգացնի մինչև շուրջ 37 կմ/ժ արագություն: