Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 5 զոհի մասին, վիրավորների մասին հաղորդագրություններ չեն եղել։
Հարկ է նշել, որ օգոստոսին ունենալով աննախադեպ մեծ քանակի կորուստներ (25 զոհ և 17 վիրավոր) առաջնագծում լարված իրավիճակի հետևանքով, քաոսային տրամադրություններ էին ստեղծվել ադրբեջանական սոցցանցային հարթակում ու լրատվադաշտում։ Ուստի չի բացառվում, որ Ադրբեջանի ՊՆ-ն, փորձելով հանդարտեցնել նման տրամադրությունները, կոծկել է սեպտեմբերյան կորուստների մի մասը (հատկապես, որ դրանցից միայն 3-ն է հաստատել), և բաց աղբյուրներում տեղ են գտել միայն 5 կորուստների մասին հաղորդագրություններ։
Նկատենք, որ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը պաշտոնապես հաստատել է սեպտեմբերյան կորուստներից 3-ը, իսկ մյուս 2-ի մասին հաղորդագրությունները տեղ են գտել ադրբեջանալեզու կայքերում ու մինչ օրս որևէ կերպ չեն մեկնաբանվել։
5 կորուստներից մարտական են 2-ը։ Ոչ մարտական 3 կորուստներից մեկին պատճառը հիվանդությունն է, մյուսինը՝ կասկածելի պայմաններում արձանագրված դժբախտ պատահարը, երրորդինը՝ ինքնասպանությունը։
- Նախիջևանի Ինքնավար Հանրապետության համազորային բանակի զինծառայող Քամրան Մայըլովը, որը զորակոչվել էր Շամխորի շրջանից, մահացել է կասկածելի պայմաններում։ Նրան հայտնաբերել են մահացած, գլխի շրջանում վնասվածքով։
- Ադրբեջանի զինված ուժերի՝ Բաքվում տեղակայված զորամասերից մեկի 18-ամյա զինծառայող Հուսեյնով Հուսեյն Հաբիլ օղլուն ինքնասպանություն է գործել։
- Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1996-ին ծնված Սադիգով Փարվիզ Վիդադի օղլուն սեպտեմբերի 23-ին տեղափոխվել է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ ինֆեկցիոն հիվանդության՝ հեմոռագիկ վասկուլիտի ախտորոշմամբ։ Բժիշկները չեն կարողացել փրկել զինծառայողի կյանքը։
- Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1995-ին ծնված Շաբիև Քերամեթ Շամքիր օղլուն սեպտեմբերի 23-ի՝ կեսօրվա ժամերին, սպանվել է առաջնագծում «հայկական գնդակից»։
- Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամերին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, լեյտենանտ Բաղըշլը Ալավերդի Աբուլֆազ օղլուն, ադրբեջանական կողմի վարկածով, սպանվել է «հայկական գնդակից»։ Զինծառայողը ծնվել է 1991-ին, զորակոչվել էր Ադրբեջանի արևմտյան Հաջըգաբուլի շրջանից։ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է նրա լուսանկարը։
Հիշեցնենք, որ Ռազմինֆոն ավելի վաղ ներկայացրել էր ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի օգոստոսի ընթացքում. հայտարարվել էր 25 զոհերն ու 17 վիրավորների մասին:
Ըստ այդմ, հաշվի առնելով սեպտեմբերին հայտարարված 5 զոհերը՝ կարող ենք արձանագրել, որ 2014-ի հունվարի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգի կառույցներն ընդհանուր առմամբ հաղորդել են 80 զոհի և 108 վիրավորի մասին: Ընդ որում, եթե հետևենք ադրբեջանական կողմի պնդումներին, ապա կստացվի՝ 80 զոհերից 32-ը մարտական կորուստ են։
Հայաստանի ԶՈւ կորուստների մասին տեղեկությունը՝ այստեղ
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 28-հոկտեմբերի 4 | Ռազմ.info