Հոկտեմբերի 1-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հրավերով պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Մոլդովայի պաշտպանության նախարար Վալերիու Տրոենկոն։
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայտնի է, որ Թբիլիսիում երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության Համաձայնագիր։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, դրանց ընդլայնմանն ուղղված քայլերն ու հետաքրքրությունների շրջանակը։
Նշենք, որ Մոլդովայի պաշտպանության նախարարին ընդունել է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։
Հանդիպման ընթացքում Մոլդովայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Մոլդովան նախատեսում է օգտագործել Վրաստանի փորձը, մասնավորապես պաշտպանական համակարգում կատարված բարեփոխումները։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և Ուկրաինայում իրավիճակին վերաբերող հարցեր։
Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկա են եղել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։