Թուրքիայի զինված ուժերում ավելացել է սպաների թիվը

Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են հոկտեմբերի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, թուրքական զինուժի ընդհանուր անձնակազմը շուրջ 674 հազար մարդ է, որը շուրջ 3 հազարով ավել է նախորդ ամսվա ցուցանիշից։

Զինծառայողները Թուրքիայում

Զինծառայողները Թուրքիայում

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 345 հոգի է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սեպտեմբերի համեմատ գեներալների թիվը պակասել է մեկով։

Սպաների ընդհանուր թիվը 39 478 է, որից 32 619-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6241-ը՝ ժանդարմերիայում, 618-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թիվը նախորդ ամսվա համեմատ աճել է շուրջ 1000-ով, ինչը կապված է ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարների՝ զինված ուժերի շարքերը համալրելու հետ։

Կրտսեր հրամանատարական (ենթասպայական) կազմը 97 224 մարդ է, որից 71 379-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 24 338-ը՝ ժանդարմերիայում, 1507 -ը՝ առափնյա անվտանգության ուժերում: Ենթասպայական կազմը ավելացել է շուրջ 2000-ով, ինչը ևս կապված է շրջանավարտների՝ զինուժում ընդգրկելու հետ։

Պայմանագրային ժանդարմների թիվը 23 289 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 3462: Այս ցուցանիշներում լուրջ փոփոխություն չկա։

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր թիվը 56 890 մարդ է, որից 43 931-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 12 255-ը՝ ժանդարմերիայում, 704-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Շարքային կազմի ընդհանուր թիվը 400 307 մարդ է որից 278 879-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 119 628-ը՝ ժանդարմերիայում, 1800-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ժակետայինների թիվը լուրջ փոփոխության չի ենթարկվել։

Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 52 991 է, որից 48 570-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.500-ը՝ ժանդարմերիայում, 921-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 673 986 մարդ է, որից զինծառայողները 620 995-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52 991-ը:

Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 36 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների 35 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 36 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 61 տոկոսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *