Թուրքիայի ռազմաբազայից թռչող ամերիկյան ԱԹՍ-ն հարվածներ է հասցրել ԻՊ-ին Սիրիայում

Ամերիկյան զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքը, օդ բարձրանալով Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից, օգոստոսի 4-ին առաջին անգամ հարվածներ է հասցրել Հյուսիսային Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Այս մասին օգոստոսի 6-ին հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը՝ Պենտագոնի վրա հղումով:

Ամերիկյան MQ-9 Reaper հարվածային ԱԹՍ

Ամերիկյան MQ-9 Reaper հարվածային ԱԹՍ

Դեռևս հուլիսի 3-ին Պենտագոնը հայտարարել էր, որ իրենք Սիրիայի տարածքում անօդաչու սարքերով առաքելություն են սկսել: ԱԹՍ-ները օդ են բարձրացվում Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից: Սակայն մինչ այս դրանք դեռևս հարվածներ չէին հասցրել:

ԱԹՍ-ներով հարվածների վերաբերյալ թուրքական «Անադոլու» գործակալությունը մեկնաբանություն է ստացել Պենտագոնի մամուլի քարտուղարից, որը նշել է, որ իրենք (ամերիկյան կողմը) ԱԹՍ-ով հարվածներն իրականացնում է թուրքական կողմի թույլտվությամբ և օժանդակությամբ, և որ այս հարվածները ԻՊ-ին միացյալ ուժերով հարվածելու ծրագրի մի մասն են:

Նշենք, որ նախօրեին հարցազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ իրենք ամերիկյան կողմի հետ նախատեսում են նոր մասշտաբային գործողություն սկսել «Իսլամական պետության» դեմ, ինչի համար ԱՄՆ-ն Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա է տեղափոխել մարտական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Մինչ այս թուրքական ավիաբազայից ավիահարվածներ էին անցկացնում միայն ամերիկյան մարտական ինքնաթիռները, ինչի համար ԱՄՆ-ն Թուրքիայից թույլտվություն էր ստացել ավելի վաղ:

Նշենք, որ ավիահարվածների արդյունավետությունը դժվար է գնահատել, քանի որ դրանց արդյունքում սպանված գրոհայինների տարբեր թվեր են նշվում: Մասնավորապես բրիտանական AirWars կազմակերպությունը նշում է, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ և դաշնակիցների ավիահարվածների արդյունքում մեկ տարվա ընթացքում (2014 օգոստոս – 2015 օգոստոս) սպանվել է մոտ 15 հազար ահաբեկիչ, ինչպես նաև մոտ 450 քաղաքացիական անձ: Սակայն սա կասկածելի է թվում, եթե հաշվի առնվի, որ ԻՊ-ն շարունակ ամրապնդում է դիրքերը՝ անկախ նշված տասնյակհազարավոր ահաբեկիչների կորստից:

Ավելացնենք, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ ավիահարվածները սկսվել են 2014-ի օգոստոսին: Հետագայում ավիահարվածներին միացել են նաև ԱՄՆ դաշնակիցները՝ Ֆրանսիան, Բրիտանիան (սեպտեմբեր), Բելգիան, Նիդեռլանդները, Ավստրալիան, Դանիան (հոկտեմբեր) և Կանադան (նոյեմբեր):

4 responses to “Թուրքիայի ռազմաբազայից թռչող ամերիկյան ԱԹՍ-ն հարվածներ է հասցրել ԻՊ-ին Սիրիայում

  1. Pingback: ԻՊ դեմ պայքարելու համար ԱՄՆ օդուժը 6 կործանիչ է տեղակայել Թուրքիայում | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիա տեղափոխված ԱՄՆ օդուժը սկսել է ԻՊ դեմ ավիահարվածները Սիրիայում | Ռազմ.info

  3. Pingback: ԱՄՆ F-15C կործանիչները ժամանել են Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա | Ռազմ.info

  4. Pingback: ԱՄՆ-ն F-15E կործանիչներ է ուղարկում Թուրքիա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *