ԱՄՆ F-15C կործանիչները ժամանել են Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա

ԱՄՆ ռազմօդային ուժերը 6 միավոր F-15C կործանիչ են ուղարկել Թուրքիայի հարավային Ադանա քաղաքի «Ինջիրլիք» ռազմաբազա։ Կործանիչները Թուրքիա են ժամանել Մեծ Բրիտանիայի ռազմօդային ուժերի 48-րդ Fighter Wings ռազմաբազայից։ Այս մասին հայտնում է Defense News ռազմական լրատվակայքը։

F-15C կործանիչ

F-15C կործանիչ

ԱՄՆ ռազմօդային ուժերի Եվրոպայի հարցերով մամուլի քարտուղար Շերիլ Կլինկելը հայտնել է, որ դրանք ուղարկվել են Թուրքիա այդ երկրի օդային տարածքը պաշտպանելու համար։

ԱՄՆ ռազմօդային ուժերի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայից ԱՄՆ-ի Patriot զենիթահրթիռային համակարգերի դուրս բերումից հետո Անկարան հայտնել էր իր դժգոհությունը և նույնիսկ խնդրել էր հետաձգել դրանց դուրս բերումը, սակայն ԱՄՆ-ն մերժել էր։ Այժմ ԱՄՆ-ն Patriot-ները փոխարինում եմ F-15C կործանիչներով։

Նշենք, որ մինչ այս կործանիչներն ուղարկելու այլ պատրվակ էր նշվում: Հոկտեմբերի 30-ին Պենտանգոնի խոսնակներից Լաուրա Սիլը հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի առաքելության շրջանակներում Թուրքիա ուղարկել F-15C կործանիչներ։

Չնայած այս երկու հայտարարված նպատակներին՝ առավել հավանական է, որ ամերիկյան կործանիչները Թուրքիա են ուղարկվում ԱՄՆ ռազմաքաղաքական ներկայությունը ցույց տալու համար:

Նկատենք, որ սիրիական ճգնաժամում ու մասնավորապես ԻՊ դեմ պայքարում Ռուսաստանի գործնական միջամտությունը արժանացավ Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի խիստ արձագանքներին։ Այս երկրներն իրենց դժգոհությունն արտահայտեցին ընդհուպ առաջին դեմքերի՝ նախագահների մակարդակով։

Թուրք-ռուսական հարաբերությունները Սիրիայում ռուսաստանյան գործողությունից հետո զգալիորեն լարվեցին հոկտեմբերի 3-ին, երբ Սիրիայի տարածքից Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Յայլադաղ գավառի հատվածում ռուսաստանյան ինքնաթիռը խախտեց այդ երկրի օդային սահմանը։

Դրան հաջորդեց հոկտեմբերի 10-ի միջադեպը, երբ Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի ռադարները նկատել էին անծանոթ ինքնաթիռ, որը ինչպես հետո պարզվել էր ԱՄՆ օդուժին է եղել։

Սու-30ՍՄ կործանիչը «Հմեյմիմ» ավիաբազայում

Սու-30ՍՄ կործանիչը «Հմեյմիմ» ավիաբազայում

Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Պենտագոնի հետ համատեղ ստորագրվել է Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագիր։

Գործընթացի հաջորդ քայլը նոյեմբերի 3-ին ԱՄՆ և ՌԴ կործանիչների՝ Սիրիայի երկնքում փորձնական կապ հաստատելն էր, որի նպատակ էր՝ ստուգել արդյոք կողմերը կկարողանան կապվել մեկը մյուսին Սիրիայի երկնքում մոտենալու դեպքում:

Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ հայտնի էր դարձել նաև՝ ԱՄՆ-ն Թուրքիայում տեղակայել է 6 միավոր  A-10 գրոհիչ: Բացի այդ, օգոստոսին ԱՄՆ-ն Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա էր ուղարկել ԱՄՆ օդուժի 6 միավոր F-16 կործանիչ և անօդաչու թռչող սարքեր։

Ավելացնենք, որ ամերիկյան արտադրության F-15C կործանիչը նախատեսված է օդային մարտում գերակայության հասնելու համար: 1 հոգանոց անձնակազմով ինքնաթիռի նախագծումն ավարտվել է 1983-ին։ Կործանիչի առավելագույն արագությունը 2650 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 20 հազար մետր։ Կործանիչին կարող են ամրակցվել «օդ-օդ» դասի կառավարվող հրթիռներ։

2 responses to “ԱՄՆ F-15C կործանիչները ժամանել են Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա

  1. Pingback: ԱՄՆ-ն և Թուրքիան նոր գործողություններ են ծրագրում ԻՊ-ի դեմ | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ-ն F-15E կործանիչներ է ուղարկում Թուրքիա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *