ԻՊ դեմ ավիահարվածներից 1 տարում սպանվել է մոտ 15 հազար զինյալ

Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ և դաշնակիցների ավիահարվածների արդյունքում սպանվել է մոտ 15 հազար ահաբեկիչ, ինչպես նաև մոտ 450 քաղաքացիական անձ: Այսպիսի թվեր է ներկայացնում բրիտանական AirWars կազմակերպությունը ԻՊ դեմ պայքարի վերաբերյալ, ինչը, սակայն, կասկածելի է թվում, եթե հաշվի առնվի, որ ԻՊ-ն շարունակ ամրապնդում է դիրքերը՝ անկախ նշված տասնյակհազարավոր ահաբեկիչների կորստից:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

Կազմակերպությունը հայտարարում է, որ նախորդ տարվա օգոստոսից սկսած դաշնակիցները մոտ 5800 ավիահարված են հասցրել ԻՊ դիրքերին, ենթակառուցվածքներին և նետել են ընդհանուր առմամբ մոտ 17 հազար հրթիռ ու ռումբ: Ավիահարվածների մեծ մասը՝ մոտ 4500, հասցրել են ամերիկյան ուժերը: Ավիահարվածների մյուս մասը հասցրել են դաշնակիցները՝ հիմնականում Բրիտանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Կանադան և այլն:

Ավելացնենք, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ ավիահարվածները սկսվել են 2014-ի օգոստոսին: Հետագայում ավիահարվածներին միացել են նաև ԱՄՆ դաշնակիցները՝ Ֆրանսիան, Բրիտանիան (սեպտեմբեր), Բելգիան, Նիդեռլանդները, Ավստրալիան, Դանիան (հոկտեմբեր) և Կանադան (նոյեմբեր): Բացի ավիահարվածներից, միայն մեկ անգամ է հայտնի դարձել ամերիկյան զինծառայողների Սիրիայում ԻՊ դեմ կատարած ցամաքային գործողության մասին՝ այն ժամանակ, երբ 2015-ի մայիսին ամերիկացի հատուկջոկատայինները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ պարագլուխներից մեկին:

ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ավիահարվածների 9 ամիսներին Իրաքի և Սիրիայի տարածքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 10 հազար զինյալ։ Սակայն տարբեր հաշվարկներով ԻՊ կազմում հիմա կա 30-70 հազար զինյալ:

«Իսլամական պետությունն» ահաբեկչական կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում Սիրիայի և Իրաքի տարածքում: Տարբեր հաշվարկներով ԻՊ կազմում կռվում է 30-70 հազար զինյալ: Խմբավորումը 2014թ. հունիսից սկսած հսկայական տարածքներ է գրավել ու վերահսկում Իրաքում և Սիրիայում՝ միաժամանակ կռվելով ինչպես Իրաքի և Սիրիայի կառավարական ուժերի, այնպես էլ Սիրիայում կռվող ապստամբական ուժերի և Իրաքյան Քրդստանի ուժերի դեմ:

Իրաքում և Սիրիայում կազմակերպության հաջողություններից հետո աշխարհի շատ մասերում, հիմնականում՝ Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում, շատ իսլամիստական կազմակերպություններ իրենց հավատարմություն են հայտնել «Իսլամական պետություն» կազմակերպությանը՝ դրանով դառնալով նրա մի մասը: ԻՊ ակտիվ մասնաճյուղեր գործում են մասնավորապես Եմենում, Լիբիայում, Աֆղանստանում և այլ երկրներում:

One response to “ԻՊ դեմ ավիահարվածներից 1 տարում սպանվել է մոտ 15 հազար զինյալ

  1. Pingback: Թուրքիայի ռազմաբազայից թռչող ամերիկյան ԱԹՍ-ն հարվածներ է հասցրել ԻՊ-ին Սիրիայում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *