Վրաստանում պատրաստվում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցին

Օգոստոսի 4-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ընդունել է ՆԱՏՕ-ի փորձագետներին խմբին, որի կազմում եղել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության նոր փաթեթի իրականացման խորհրդատուների խմբի ղեկավար գնդապետ Թորսթեն Կոլլերը (Torsten Köhler),նրա տեղակալը և համատեղ ուսումնական կենտրոնի ծրագրի ղեկավարը։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի պաշտպանության նախարարի՝ միջազգային հարցերով խորհրդատու Շոթա Գվիներիան, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Օմար Բեգոիձեն, Վրաստանում ԱՄՆ եվրոպական հրամանատարության պաշտպանական համագործակցության գրասենյակի (Office of Defence and Cooperation, — ODC) և պաշտպանական համակարգի կիրառական խմբի (CUBIC) ներկայացուցիչներ։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հյուսիսատլանտյան Դաշինքի՝ Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի (NATO-Georgia substantial package) և դրա շրջանակներում ստեղծվելիք համատեղ ուսումնական կենտրոնի բացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև օգոստոսի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցի մանրամասները։

Թեև պաշտոնապես դեռևս չի հստակեցվում, թե երբ է Վրաստան գնալու Ստոլտենբերգը, այնուամենայնիվ, վրաստանյան «Грузия Онлайн» լրատվական կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ գլխավոր քարտուղարի երկօրյա այցը կկայանա օգոստոսի 26-27-ը։

Հիշեցնենք, որ այցի ժամանակ նախատեսվում է Վրաստանի Վազիանի ռազմաբազայում նախատեսվում է անցկացնել համատեղ ուսումնական կենտրոնի հանդիսավոր բացումը։ Սակայն պետք է նկատենք, որ սա դեռ չի նշանակում, որ կենտրոնն արդեն սկսելու է գործել, քանի որ սա ընդամենը խորհրդանշական բացում է լինելու, իսկ կենտրոնի կառուցումն ու ենթակառուցվածքներով ապահովումը կշարունակվի հաջորդ տարում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *