Ամերիկյան ռազմաօդային ուժերի 6 միավոր F-16 կործանիչներ, դրանց օդաչուներն ու տեխնիկական սպասարկման անձնակազմը՝ ընդհանուր մոտ 300 հոգի, օգոստոսի 9-ին ժամանել է Թուրքիայի հարավային «Ինջիրլիք» ռազմաբազա, որպեսզի այնտեղից մասնակցի Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարին: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի թվիթերյան միկրոբլոգը:
.@usairforce deployed six F-16 Fighting Falcons from Avianio to Incirlik in support of Operation Inherent Resolve pic.twitter.com/asSobqPvlC
— U.S. Dept of Defense (@DeptofDefense) August 9, 2015
Մինչ այս՝ օգոստոսի 5-ին, հարցազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ իրենք ամերիկյան կողմի հետ նախատեսում են նոր մասշտաբային գործողություն սկսել «Իսլամական պետության» դեմ, ինչի համար ԱՄՆ-ն Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա է տեղափոխել մարտական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Օգոստոսի 4-ին էլ ամերիկյան զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքը, օդ բարձրանալով Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից, առաջին անգամ հարվածներ է հասցրել Հյուսիսային Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին:
Սիրիայի տարածքում անօդաչու սարքերով առաքելություն սկսելու մասին Պենտագոնը հայտարարել էր դեռևս հուլիսի 3-ին: ԱԹՍ-ները օդ էին բարձրացվում Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից, սակայն հարվածներ չէին հասցնում:
Տեսանյութում ներկայացված է, թե ինչպես են ԱՄՆ օդուժի կործանիչները լքում իտալական ռազմաբազան՝ Թուրքիա թռչելու համար:
Նշենք, որ ավիահարվածների արդյունավետությունը դժվար է գնահատել, քանի որ դրանց արդյունքում սպանված գրոհայինների տարբեր թվեր են նշվում: Մասնավորապես բրիտանական AirWars կազմակերպությունը նշում է, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ և դաշնակիցների ավիահարվածների արդյունքում մեկ տարվա ընթացքում (2014 օգոստոս – 2015 օգոստոս) սպանվել է մոտ 15 հազար ահաբեկիչ, ինչպես նաև մոտ 450 քաղաքացիական անձ: Սակայն սա կասկածելի է թվում, եթե հաշվի առնվի, որ ԻՊ-ն շարունակ ամրապնդում է դիրքերը՝ անկախ նշված տասնյակհազարավոր ահաբեկիչների կորստից:
Ավելացնենք, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ ավիահարվածները սկսվել են 2014-ի օգոստոսին: Հետագայում ավիահարվածներին միացել են նաև ԱՄՆ դաշնակիցները՝ Ֆրանսիան, Բրիտանիան (սեպտեմբեր), Բելգիան, Նիդեռլանդները, Ավստրալիան, Դանիան (հոկտեմբեր) և Կանադան (նոյեմբեր):
Pingback: Թուրք-ամերիկյան նոր գործողությունը ԻՊ-ին հետ կմղի Թուրքիայի հետ սահմանից | Ռազմ.info
Pingback: Բախումներ Թուրքիայում. օպերատիվ լրահոս, սեպտեմբերի 4 | Ռազմ.info
Pingback: Թուրքիան երկարաձգել է ԶՈւ-ի՝ Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների մանդատի ժամկետը | Ռազմ.info