Նոյեմբերի 10-ին ԱՄՆ Պենտանգոնի մամուլի խոսնակներից Պետեր Քուկը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ ռազմօդային ուժերը F-15E լրացուցիչ բազմաֆունկցիոնալ կործանիչներ են ուղարկելու Թուրքիայի Ադանա նահանգի «Ինջիրլիք» ռազմաբազա։
Այս մասին հայտնում են ԱՄՆ Պենտանգոնի կայքում։
Այս ամսվա սկզբին Պենտանգոնը հայտարարել էր, որ կործանիչներ է ուղարկելու Թուրքիա։
«Մենք Թուրքիա ենք ուղարկելու լրացուցիչ F-15E կործանիչներ ԻՊ-ի դեմ գործողություններ իրականացնելու համար։ Թուրքիա ուղարկվելիք կործանիչների քանակը և «Ինջիրլիք» տեղափոխելու ժամկետները դեռևս քննարկվում են։ Հուսով ենք, որ այդ գործընթացները շուտ կիրականացվեն»,-ասել էր Պետեր Քուկը։
Նոյեմբերի 9-ին ԱՄՆ ռազմօդային ուժերը 6 միավոր F-15C կործանիչ է ուղարկել Թուրքիայի հարավային Ադանա քաղաքի «Ինջիրլիք» ռազմաբազա։ ԱՄՆ ռազմօդային ուժերի Եվրոպայի հարցերով մամուլի քարտուղար Շերիլ Կլինկելը հայտնել է, որ կործանիչները ուղարկվել են Թուրքիա այդ երկրի օդային տարածքը պաշտպանելու համար։
Չնայած հայտարարված նպատակներին՝ առավել հավանական է, որ ամերիկյան կործանիչները Թուրքիա են ուղարկվում ԱՄՆ ռազմաքաղաքական ներկայությունը ցույց տալու համար:
Նկատենք, որ սիրիական ճգնաժամում ու մասնավորապես ԻՊ դեմ պայքարում Ռուսաստանի գործնական միջամտությունը արժանացավ Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի խիստ արձագանքներին։ Այս երկրներն իրենց դժգոհությունն արտահայտեցին ընդհուպ առաջին դեմքերի՝ նախագահների մակարդակով։
Թուրք-ռուսական հարաբերությունները Սիրիայում ռուսաստանյան գործողությունից հետո զգալիորեն լարվեցին հոկտեմբերի 3-ին, երբ Սիրիայի տարածքից Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Յայլադաղ գավառի հատվածում ռուսաստանյան ինքնաթիռը խախտեց այդ երկրի օդային սահմանը։
Դրան հաջորդեց հոկտեմբերի 10-ի միջադեպը, երբ Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի ռադարները նկատել էին անծանոթ ինքնաթիռ, որը ինչպես հետո պարզվել էր ԱՄՆ օդուժին է եղել։
Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Պենտագոնի հետ համատեղ ստորագրվել է Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագիր։
Գործընթացի հաջորդ քայլը նոյեմբերի 3-ին ԱՄՆ և ՌԴ կործանիչների՝ Սիրիայի երկնքում փորձնական կապ հաստատելն էր, որի նպատակ էր՝ ստուգել արդյոք կողմերը կկարողանան կապվել մեկը մյուսին Սիրիայի երկնքում մոտենալու դեպքում:
Ավելացնենք, որ 2 շաբաթ առաջ հայտնի էր դարձել նաև՝ ԱՄՆ-ն Թուրքիայում տեղակայել է 6 միավոր A-10 գրոհիչ: Բացի այդ, օգոստոսին ԱՄՆ-ն Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա էր ուղարկել ԱՄՆ օդուժի 6 միավոր F-16 կործանիչ և անօդաչու թռչող սարքեր։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 8–14 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info