Թուրքիայում ուժայինները մի քանի հատուկ գործողություն են իրականացրել PKK-ի դեմ

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփ գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է երեք թուրք ուժային սպանած PKK-ի մեկ զինյալ։ Այս մասին հայտնում է Միլիեթ պարբերկանը։

Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգի Ջելանփնար գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 5 քաղաքացիական՝ PKK-ի երիտասարդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման»  (YDG-H)-ի անդամ լինելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Դողան լրատվական գործակալությունը։

Իսկ Օսմանիյե նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) մեկ անդամ։ Այս մասին հայտնում է Իհլաս լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին չորս ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Հարկ է նշել, որ թուրք-քրդական բախումները «զուգադիպեցին» Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի հետ, որոնք հայտարարվել էին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, քանի որ հունիսի 7-ին ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չէր հաջողվել խորհրդարանական մեծամասնություն կազմել։ Իսկ կոալիցիա կազմելու ԱԶԿ-ի «փորձերը» դատապարտվեցին անհաջողության։

Նշենք, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, թուրքական և արևմտյան մամուլը, թուրք-քրդական հարաբերությունների սրման համար մեղադրեցին նախագահ Էրդողանին, ով, միտումնավոր ապակայունացնելով երկրում ներքաղաքական իրավիճակը, միահեծան իշխանության հասնելու նպատակ ուներ, ինչը և հաջողվեց վերջինիս նոյեմբերի 1-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *