Քրդական «Փեշմերգեն» սկսել է Սինջարն ազատագրելու ռազմական գործողություն

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության «Փեշմերգեի» ուժերը Իրաքի Մոսուլ նահանգի Սինջար գավառն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրելու համար ԱՄՆ օդուժի օժանդակությամբ նոր գործողություն են սկսել։ Այսօր՝ նոյեբերի 12-ին, հաջողվել է ազատագրել հարակից մի քանի գյուղ։ Այս մասին հայտնում են բրիտանական Reuters և թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունները։

Քրդական փեշմերգեի մարտիկները

Քրդական փեշմերգեի մարտիկները

Reuters-ը, հղում անելով Քրդական ազգային անվտանգության խորհրդի հայտարարությանը, նշում է, որ «Ազատ Սինջար» գործողության նպատակը Սինջարն ամբողջությամբ ԻՊ-ի վերահսկողությունց ազատելը և քաղաքն ապագայում ահաբեկիչների հրետանային հնարավոր հարվածներից պաշտպանելու նպատակով բուֆերային գոտի ստեղծելն է։

Գործողությանը, որն իրականացվել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասսուդ Բարզանիի գլխավորությամբ, մասնակցել է «Փեշմերգեի» 7500 մարտիկ։ Հատկանշական է, որ քուրդ-եզդիական ուժերի միավորմանը և այս գործողության նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ ուժեր են կենտրոնացրել նաև ԻՊ զինյալները, որոնց թիվը Սինջարում հասել է 600-ի։ Արդեն դրական արդյունքներ գրանցած այս գործողությունը, սակայն, նախատեսվում էր սկսել մի քանի շաբաթ առաջ։ Որպես հետաձգման պատճառ՝ նշվում են 2 հանգամանք. առաջին՝ անբարենպաստ են եղել եղանակային պայմանները, երկրորդ՝ անհամաձայնություններ են առաջ եկել միավորված քրդական և եզդիական ուժերի միջև, ինչը հաջողվել է հաղթահարել։

Նշենք, որ այս քաղաքը ունի ինչպես խորհրդանշական, այնպես էլ ռազմավարական նշանակություն, քանի որ, շնորհիվ աշխարհագրական դիրքի, այն վերահսկում է Մոսուլ և Ռաքքա քաղաքները (սրանք համարվում են ԻՊ հենակետերը առաջինը՝ Իրաքում, երկրոդը՝ Սիրիայում) կապող մայրուղին։

Հիշեցնենք, որ անցած տարի՝ 2014-ի օգոստոսի 3-ին, Սինջարն ընկավ «Իսլամական պետության» զինյալների ձեռքը, որից հետո քաղաքի հիմնականում եզդի բնակչությունը սկսված կոտորածից փրկվելու համար բարձրացավ մոտակա համանուն լեռը։ Չնայած որոշ ժամանակ անց  պաշտոնապես եզդիների կոտորածները կախնելու նապատկով սկսված ԱՄՆ-ի օդուժի ավիահարվածների աջակցությամբ «Փեշմերգեի» զինյալները կարողացան դեպի լեռը տանող միջանցք բացել ու այնտեղ ապաստանած եզդիներից շատերին անվտանգ վայրեր տեղափոխել, սակայն գավառի կենտրոնը մինչ օրս մնում է ԻՊ-ի ձեռքում։

Նշենք նաև, որ «Փեշմերգեի» կազմը համալրած եզդիների 440 հոգանոց գումարտակի ղեկավար Հուսեին Դերբոն Reuters-ին հայտնել է, որ այդ դեպքերից հետո իրենցից շատերը հնարավորություն են ունեցել տեղափոխվել այլ երկրներ, սակայն իրենք նախընտրել են մնալ Իրաքում, միանալ Քրդական ինքնավարության ուժերին և պայքարել քաղաքի ազատագրման համար, որտեղ դեռ շատ եզդիներ գերության մեջ են։

One response to “Քրդական «Փեշմերգեն» սկսել է Սինջարն ազատագրելու ռազմական գործողություն

  1. Pingback: Քրդական փեշմերգեն ազատագրել է Սինջարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *