Իրաքի ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը առաջիկա 2-3 օրերին կսկսեն Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման գործողությունը: Այս մասին հունվարի 24-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Իրաքի կառավարական բանակը ամբողջությամբ ազատագրել է Մոսուլի արևելյան հատվածը, այնուհետև, սակայն, արաբական Al Jazeera լրատվական գործակալությունը տեղեկացրեց, որ Իրաքի պաշտպանության նախարարությունը հերքել է այս լուրը՝ հայտարարելով, որ դեռ մարտեր են ընթանում Մոսուլի արևելքում ԻՊ վերջին հենակետ հանդիսացող Ալ Ռաշիդիայի շրջանում:
Իրաքի ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը հիմնականում կազմված են շիա աշխարհազորայիներից: Ձևավորվել է 2014 թվականին, այժմ Իրաքի ԶՈւ մաս են կազմում:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Իրաքի կառավարական բանակը ազատագրել է Մոսուլի արևելյան հատվածի 90 տոկոսը: Ինչից հետո Իրաքի կառավարական բանակի հակաահաբեկչական ստորաբաժանման ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Աբդուլղանի ալ-Ասադին հայտարարեց, որ Մոսուլի արևելյան հատվածի ամբողջական ազատագրումից հետո կառավարական բանակը ձեռնամուխ կլինի քաղաքի արևմտյան հատվածի ազատագրմանը:
Դեկտեմբերի վերջին Իրաքի կառավարական բանակն անցել էր Մոսուլի ազատագրման գործողության երկրորդ փուլին՝ խոշոր հարձակում իրականացնելով ԻՊ ձեռքում գտնվող քաղաքի հարավարևելյան մասում գտնվող 5 արվարձանի ուղղությամբ։ Ավելի ուշ` հունվարի 8-ին, Իրաքի բանակը հասավ Տիգրիս գետին: Հունվարի 15-ին երկու օր տևած մարտերից հետո Իրաքի կառավարական բանակը ամբողջովին ազատագրեց Մոսուլ քաղաքի համալսարանի տարածքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Իրաքի կառավարական ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը: Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև շիաներ:
Մոսուլի ազատագրմանը աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ է հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին:
Հիշեցնենք նաև, որ 2014-ի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։
Նշենք նաև, որ 2016 թվականին ԻՊ-ն կորցրել է Սիրիայում և Իրաքում իր վերահսկած տարածքների 23 տոկոսը:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info