Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ թաքցրած կորստի մասին • Հեռացվել են Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարը և ՊՆ առնվազն մեկ վարչության պետ • Ադրբեջանում մինչև 20 տարի ազատազրկման են դատապարտել «Նարդարանի գործով» կալանավորվածներին • Վրաստանի ԶՈւ զինծառայողները Աֆղանստան մեկնելուց առաջ վարժանքներ են արել • Թուրքիան մեկամսյա ձմեռային վարժանքներ է անցկացնում Կարսում •
Թուրքիան Սիրիայում գրավված տարածքներն այդ երկրի իշխանությանը չի հանձնի • Թուրքիան շարունակում է տանկեր ուղարկել Սիրիայի տարածք • Սղերթում PKK-ն կրակել է Թուրքիայի ԶՈւ զորամասի վրա • Հունաստանը հրաժարվել է արտահանձնել թուրք զինծառայողներին Թուրքիային • Սիրիայում ԻՊ դեմ մարտերում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող • Թուրքական օդուժը հարվածել է Իրաքում PKK-ի դիրքերին • Սիրիայի Ջերաբլուս շրջանում Թուրքիան ստեղծել է կանոնավոր ոստիկանական կառույց • Իրանն իր աշխարհազորայիններին չի հանի Սիրիայից • ԻՀՊԿ-ն կզարգացնի ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանումը • ԻՀՊԿ ցամաքային ուժերը քառօրյա վարժանքներ են անցկացնում • ԻՀՊԿ զորավարժությանը հակաահաբեկչական գործողություններ են խաղարկվել • Սիրիայի հարցով Աստանայում անցկացված բանակցությունների արդյունքները • Դամասկոսի նահանգում զենքը վայր է դրել Սիրիայի զինյալ խմբավորումների 2600 զինյալ • Դեր Զորում փոփոխական հաջողություններով շարունակվում են Սիրիայի բանակի և ԻՊ մարտերը • Ռուսաստանի ռմբակոծիչները կրկին հարվածներ են հասցնում Սիրիայում • Իրաքի ԶՈւ-ն պատրաստվում է Մոսուլի արևմուտքի ազատագրման գործողությանը • Ղազախստանը ստացել է Մի-35Մ ուղղաթիռների առաջին խմբաքանակը
Ադրբեջան / Վրաստան
• Հունվարի 24-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հայտնել էր Ադրբեջանւի Զու երկու թաքցրած զինծառայողի մասին: Սակայն հունվարի 25-ին զինծառայողներից մեկը՝ Մահմուդ Էքբերին, ՊՆ հրապարակած տեսանյութում հայտնել է, որ ինքը ողջ է: Մյուս զինծառայողի մահվան մասին լուրը չի հերքվել:
• Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել և թոշակի են ուղարկվել ՌԾՈւ հրամանատարի պաշտոնակատարը և ՊՆ զենքի ու տեխնիկայի վարչության պետը: ՌԾՈւ հրամանատարի նոր պաշտոնակատար է նշանակվել առաջին կարգի կապիտան Հյումբեթով Զաուր Ջելալ օղլուն (Hümbətov Zaur Cəlal oğlu):
• Հունվարի 25-ին Ադրբեջանում ավարտվել է «Նարդարանի գործով» կալանավորված անձանցից մի քանիսի դատական գործընթացը, նրանք դատապարտվել են 10-ից մինչև 20 տարի ազատազրկման:
• Հունվարի 23-ին Ալգետի հրաձգարանում Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է զորավարժություն: Վարժանքները վրաստանցի զինծառայողների Աֆղանստան մեկնելու պատրաստության շրջանակներում են իրականացվում:
Թուրքիա
• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է Կարսում մեկամսյա վարժանքների անցկացման մասին` տարածելով «ժամանակավոր անվտանգության գոտի» հայտարարված տարածքների և մուտքի արգելքի կոորդինատները 2016-ի հունվարի 16-ից փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածներում:
• Թուրքիայի փոխվարչապետը հունվարի 24-ին հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի ԶՈւ «Եփրատի վահան» գործողության նպատակը Թուրքիայի անվտանգությունն ապահովելն է։ Այդ տարածքներն ԻՊ-ից վերցնելուց հետո Թուրքիան ամենևին էլ մտադիր չէ դրանք հանձնել Սիրիայի կառավարությանը։
• Հունվարի 27-ին Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) նահանգում տեղակայված 5-րդ զրահատանկային բրիգադից 2 միավոր Մ-60Տ տանկ է ուղարկվել Սիրիայի հյուսիսային շրջաններ: Տանկերը համալրելու են Սիրիայի տարածքում ԻՊ դեմ կռվող թուրքական ստորաբաժանումների սպառազինությունը:
• Հունվարի 22-ի երեկոյան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները նռնականետներով կրակել են Թուրքիայի ԶՈւ՝ Սղերթում տեղակայված հատուկ նշանակության 3-րդ բրիգադի տեղակայման վայրի ուղղությամբ։ Թուրքական կողմը հայտարարում է, որ կորուստներ չունեն ու անցել են հակահարձակման։
• Հունվարի 26-ին Հունաստան գերագույն դատարանը որոշել է Թուրքիային չարտահանձնել այդ երկրում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած և ուղղաթիռով Հունաստան փախած 8 զինծառայողներին:
• Հունվարի 25-ի երեկոյան Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ նույն օրը Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1, վիրավորվել՝ 5 զինծառայող:
• Հունվարի 25-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են Իրաքի հյուսիսիային լեռնային շրջաններում PKK-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին։
• Թուրքիայի զինուժի և նրանց աջակից, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման՝ ԻՊ-ից Սիրիայի հյուսիսային Ջերաբլուսի շրջանի «մաքրումից» հետո, այդ շրջանում ստեղծվել է կանոնավոր ոստիկանական կառույց:
Իրան
• Իրանը չի քննարկելու Սիրիայի ընդդիմադիրների պահանջները և իր աշխարահազորայինների ստորաբաժանումները դուրս չի բերելու Սիրիայից։ Այս մասին հունվարի 25-ին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Ջաբարի Անսարին:
• Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանման զարգացման համատեքստում նախատեսվում է արդիականացնել ու թարմացնել ավիացիոն պարկը։
• Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի քառօրյա զորավարժության նպատակը զինծառայողների մարտական պատրրաստությունը ստուգելը, մարտավարական նոր հմտություններ յուրացնելն է։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամադ Փաքփուրը։
• Իրանի ԻՀՊԿ ցամաքային ուժերը Իրաքին սահմանակից Քերմանշահ նահանգում անցկացվող «Իմամ Ալի» զորավարժության ակտիվ փուլի ընթացքում խաղարկել են պայմանական ահաբեկիչներին դիմագրավելու գործողություններ, որոնք մշակվել են Սիրիայում տարվող հակաահաբեկչական գործողությունների սցենարների հիման վրա։
Սիրիա / Իրաք / այլ
• Հունվարի 23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած սիրիական ճգնաժամի լուծման համար պաշտոնական Դամասկոսի և Սիրիայում տարբեր զինյալ խմբավորումների միջև բանակցությունները ավարտվել են հունվարի 24-ին: Որոշվել է որպես Սիրիայում զինադադարի պահպանման երաշխիք ստեղծել վերահսկողության եռակողմ մեխանիզմ՝ օպերատիվ խումբ, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի գլխավորությամբ: Ռազմինֆոն Աստանայի բանակցությունների մասին զրուցել է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի և իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:
• Սիրիայում կռվող զինյալ խմբավորումների հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսանդր Բլինկովը հայտարարել է, որ Դամասկոսի նահանգում զենքը վայր է դրել տարբեր խմբավորումների շուրջ 2600 զինյալ:
• Սիրիայի հարավ-արևելյան Դեր Զոր քաղաքում շարունակվում են կառավարական ուժերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև մարտերը: Սիրիական բանակը որոշ հատվածներում առաջ է շարժվել, սակայն առայժմ չի կարողանում շրջափակումից ազատել օդանավակայանը և ավիաբազան:
• Դեր Զորում կառավարակա բանակի մղած մարտերին զուգընթաց ԻՊ դիրքերին ավիահարվածներ են հասցնում ռուսաստանյան ինքնաթիռները: Մասնավորապես հունվարի 23- 25-ին Ռուսաստանի ԶՈւ Տու-22 ռմբակոծիչները ավիահարվածներ են հասցրել Դեր Զոր նահանգում ԻՊ դիրքերին (1,2):
• Իրաքի ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը առաջիկա սկսում են Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման գործողությունը:
• Ղազախստանն արդեն ստացել է Մի-35Մ մարտական ուղղաթիռների առաջին խմբաքանակը: 4 միավոր ուղղաթիռները արդեն Ղազախստանի հարավում գտնվող մշտական տեղակայման բազայում են:
Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։
Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info