2017-ին Հայաստանը կշարունակի խաղաղապահներ ուղարկել Աֆղանստան

2017թ. ընթացքում հայկական զորախումբը կշարունակի ներկայիս մակարդակով ծառայություն իրականացնել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում:

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները (արխիվ)

Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) անցկացված հանդիպմանը: Փոխանցում է ՀՀ ԱԳՆ կայքը:

Ելույթ ունենալով հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող հավաքական ջանքերին:

Նախարարը նշել է, որ ինչպես ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովում հայտնել է ՀՀ նախագահը, Հայաստանը 2017-ին նույնպես շարունակելու է մասնակցել «Վճռական աջակցություն» առաքելությունը, իսկ դրա ավարտից հետո՝ նաև «Տևական գործընկերություն» առաքելությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում 2016 թ. հուլիսի 8-9-ին անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հայտնել էր, որ Հայաստանը շարունակելու է մասնակցել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը (նախագահի խոսքում նշվում է «Հաստատակամ աջակցություն»):

Նշենք, որ Աֆղանստանում իրար հաջորդող ISAF և Resolute Support («Վճռական աջակցություն») առաքելություններին Հայաստանի խաղաղապահները մասնակցում են 126-131 հոգանոց կազմով: Աֆղանստան մեկնելուց առաջ հայկական զորախմբերը երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներ են անցնում Գերմանիայում:

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանում հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Գերմանիայի զինված ուժերի ավելի խոշոր զորախմբի կազմում ծառայություն են իրականացնում երկրի հյուսիսային հատվածում:

Ավելացնենք, որ Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ 2014թ․ ավարտին այն փոխարինել է ISAF առաքելությանը։

2 responses to “2017-ին Հայաստանը կշարունակի խաղաղապահներ ուղարկել Աֆղանստան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Մովսես Հակոբյանը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության քննարկմանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *