Օրերս ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Աֆղանստան՝ մասնակցելու «Վճռական աջակցություն» առաքելությանը։ Զորախումբը, նախքան Աֆղանստան մեկնելը, Գերմանիայում անցկացնելու է երեքշաբաթյա ուսումնական պարապմունքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ հոկտեմբերի 15-ի թողարկումից։
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հայաստանցի խաղաղապահները ապահովելու են տեղի միջազգային կոալիցիոն ուժերի զինավանի անվտանգությունը։ Զորախումբն Աֆղանստանում իր առաքելությունը իրականացնելու է Գերմանիայի ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման կազմում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հոկտեմբերի 5-ին, Բրյուսելում Աֆղանստանի հարցով վեհաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը վերահաստատել է 2016-ից հետո Հայաստանի մասնակցությունը «Վճռական աջակցություն» առաքելությանը:
Ավելացնենք, որ Աֆղանստանում իրար հաջորդող ISAF և Resolute Support («Վճռական աջակցություն») առաքելություններին Հայաստանի խաղաղապահները մասնակցում են 126-131 հոգանոց կազմով:
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում։