ՆԱՏՕ-ի գագաթաժողովը. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան

Վարշավայում հուլիսի 8-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցող Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները մի շարք կարևոր հանդիպումներ են ունեցել, ինչպես նաև մասնակցել են Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության վերաբերյալ հանդիպմանը (երեք երկրներն էլ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ խաղաղապահներ են ուղարկում Աֆղանստան): Վրաստանի դեպքում ընդունվել է նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի հայտարարություն:

 

Հայաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավա է մեկնել հուլիսի 8-ին, նույն օրը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և քննարկել  Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքը: Սերժ Սարգսյանը և Ջոն Քերին անդրադարձել են հուլիսի 6-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկված հարցերին: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում. մասնակցել են նաև ՀՀ Արտգործնախարարը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում. մասնակցել են նաև ՀՀ Արտգործնախարարը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը

Հուլիսի 9-ին նախագահ Սարգսյանը մասնակցել է նաև Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ղեկավարների հանդիպմանը, որի արդյունքում ընդունվել է հռչակագիր: Հռչակագրում մասնավորապես ասվում է, որ առաքելությանը մասնակցող երկրների անելիքները դեռ ավարտված չեն, և «Վճռական աջակցությունը» կշարունակվի նաև 2016-ից հետո, իսկ Աֆղանստանին ուղղվող ֆինանսավորումը կշարունակվի մինչև 2020 թվականը:

Հանդիպման ընթացքում ընթացքում նախագահ Սարգսյանը ելույթ է ունեցել և մասնավորապես ասել է. «Մենք վերահաստատել ենք մեր ներգրավումը մինչև 130 զինվորականներով «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում և պատրաստ ենք շարունակելու նաև 2016 թվականից հետո … Պատրաստակամություն ենք հայտնել նաև մասնակցելու ՆԱՏՕ-ի «Տևական գործընկերություն» առաքելությանը, երբ այն փոխարինի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: Այդ նպատակով Հայաստանը ներգրավված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական ժամանակավոր ներկայության պլանավորման գործընթացին»:

Ելույթի ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Արցախյան հակամարտության կարգավորմանը և խոսել է Ապրիլի ռազմական գործողություններից հետո Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տարված աշխատանքների մասին:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում նաև նշել է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, տեղին չեմ համարում մեր այս հանդիպումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հռչակագրերը արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակ դարձնելը. դրա համար կա մասնագիտացված կառույց: Պարզապես պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը: Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից իրականացվող ջանքերին: Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»:

Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, գագաթաժողովի շրջանակներում լրագրողների խնդրանքով Արցախյան հակամարտության կարգավորմանն էր անդրադարձել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և նշել էր. «Ես ակնկալում եմ, որ մեր կոմյունիկեում մենք նաև կհիշատակենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեր հաղորդագրությունն այն է, որ մենք կոչ ենք անում երկու կողմերին նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ բռնություն կիրառելուց և շարունակել ջանքեր գործադրել խաղաղ և բանակցությունների վրա հիմնված լուծում գտնելու ուղղությամբ»:

 

Վրաստան

Վրաստանի համար առավել կարևոր հանդիպումներից մեկը եղել է հուլիսի 8-ին. անցկացվել է ԱԳ նախարարների մակարդակով Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ընդունվել է համատեղ հայտարարություն ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Դաշինքի նախարարները ողջունում են Վրաստանի ներգրավումը Սև ծովում անվտանգության ռազմավարական երկխոսությանը: Նախարարները նաև համագործակցության խորացման որոշում են ընդունել, որը ներառում է Վրաստանի [զինված ուժերի] մարզումների ընդլայնում: Դաշնակիցները նաև օգնություն ցույց կտան Վրաստանին՝ հակաօդային պաշտպանության զարգացման գործում:

Արտաքին գործերի նախարարների մակարդակով Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը

Արտաքին գործերի նախարարների մակարդակով Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը

Արդեն հուլիսի 9-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նույնպես մասնակցել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության անդամ պետությունների ղեկավարների քննարկմանը, և Վրաստանը նույնպես միացել է համատեղ հռչակագրին:

 

Ադրբեջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հուլիսի 8-ին Վարշավայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին ու քննարկել է «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»:

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում նույն օրը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: (Համանախագահները ՀՀ նախագահին հանդիպել էին ավելի վաղ՝ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո):

Հուլիսի 8-ին Ալիևը հանդիպել է նաև Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և քննարկել անվտանգության, էկոնոմիկայի, գյուղատնտեսության ոլորտների վերաբերյալ հարցեր: Նույն օրն Ալիևը հանդիպել է նաև Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին և քննարկել Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր: Ավելի ուշ էլ Ադրբեջանի նախագահը հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային և քննարկել երկկողմ հարաբերությունները:

Հուլիսի 9-ին Իլհամ Ալիևը նույնպես մասնակցել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության վերաբերյալ հռչակագրի ընդունմանը:

Ադրբեջանի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ադրբեջանի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ