Ա. Մովսիսյան. Ադրբեջանում զորավարժության խնդիրներից մեկը հարթավայրում անցկացնելն է

Նոյեմբերի 12-18-ին Ադրբեջանում անցկացվեց խոշորամասշտաբ զորավարժություն, որին, ադրբեջանական կողմի պնդմամբ, ներգրավված էր 60 հազար զինծառայող:

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը վարժանքների մասին Razm.info-ի հետ զրույցում նշեց, որ առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում նմանատիպ մեծ զորավարժություն է անցկացվում: Անցյալ տարի Ադրբեջանում ավելի մեծ զորավարժություն է անցկացվել՝ 65 հազար զորքով և գրեթե նույն զինատեսակներով, զորքերի ներգրավվածությամբ:

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով

Մովսիսյանը նշեց, որ զորավարժության նպատակն առաջին հերթին եղել է զորքերի կառավարման, ներդաշնակման կատարելագործումը, քանի որ ապրիլյան դեպքերից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հասկացավ, որ ռազմական պլանում իր ամենախոշոր թերությունը եղավ զորքերի ոչ արդյունավետ կառավարումը և միմյանց հետ վատ համագործակցությունը:

Զորավարժության ընթացքում, ըստ Աշոտ Մովսիսյանի, նաև մեծ ուշադրություն է դարձվել օդուժին.

«Զորավարժությունն առաջին հերթին ուղղված էր զորքերի մարտունակության բարձրացմանը: Երկրորդ տեղում կարող ենք նշել և զորքի, և ներքին լսարանի մարտական ոգուն … և այսպես ասած, քարոզչական մեծ գործիք է զորավարժություն անցկացնելը, քանի որ Հայաստանում «Իսկանդերների» հայտնվելուց հետո հոգեբանական ճնշում կար ադրբեջանցիների մոտ, որ «հայերը ունեն մի զինատեսակ, որով փաստորեն կարող են խոցել մինչև Բաքու և մի շարք այլ հեռավոր թիրախներ»: Զորավարժության միջոցով փորձեցին մի քիչ մեղմացնել, որ տեսեք՝ մենք կարող ենք այսպիսի լայնամասշտաբ զորավարժություն անցկացնել»:

Մովսիսյանը նաև նշեց, որ մյուս կողմից Ադրբեջանի իշխանությունները շեշտում են Նախիջևանում զորավարժության անցկացումը, որը, ևս քարոզչական մեծ նշանակություն ունի իրենց համար:

«Եթե անդրադառնանք անցկացված զորավարժությանը ներքին լսարանի արձագանքին, ապա պետք է նշենք, որ ընդհանուր առմամբ այն դրական էր: Սակայն նույն լսարանում հարցեր են առաջանում, թե «ու՞մ է պետք հարթավայրային շրջաններում զորավարժության անցկացումը, եթե մենք Ղարաբաղում չենք կարող այդ սցենարով իրականացնել բուն ռազմական գործողություններ»»:

Աշոտ Մովսիսյանը նշեց, որ քանի որ Արցախում հիմնական տեղանքը լեռնային է, ապա հարթավայրում զորավարժության անցկացումը իրոք խնդիրներ ստեղծում է Ադրբեջանի բանակի համար:

Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանի ՊՆ հայտարարության, նոյեմբերի 12-18-ն անցկացված զորավարժությանը ներգրավվել են Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայող, շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:

Նոյեմբերի 15-ին վարժանքներ են անցկացվել նաև Նախիջևանում, իսկ նոյեմբերի 16-ին անցկացվել է զորավարժության հիմնական փուլը՝ մարտական կրակով վարժանքներ: Նոյեմբերի 17-ին Ադրբեջանի ՊՆ և ԶՈւ ղեկավարությունն ամփոփել է վարժանքների արդյունքները:

Նշենք, որ չնայած զորավարժության շրջանակներում որևէ նոր զինտեխնիկա չի ցուցադրվել: Զորավարժությունից հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ վարժանքներին մասնավորապես ներգրավվել են ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ, Տ-72/90 տանկեր, «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգեր,  իսրայելա-ղազախական «Lynx» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Օդուժից ներգրավվել են Մի-8/17 բեռնատար, ինչպես նաև Մի-24/35 հարվածային ուղղաթիռներ, Սու-25 գրոհիչներ:

Ադրբեջանի ԶՈւ Մի-8/17 ուղղաթիռները՝ իսրայելական արտադրության Lahat հակատանկային հրթիռ կրակելիս

Ադրբեջանի ԶՈւ Մի-8/17 ուղղաթիռները՝ իսրայելական արտադրության Lahat հակատանկային հրթիռ կրակելիս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *