ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմը հրետանավորների ճամբարային հավաքի շրջանակում անցկացրել է գումարտակի կազմով և հրետանու ներգրավմամբ մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը։
Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, ինչից հետո անձնակազմը ռազմերթով շարժվել է դեպի կենտրոնացման շրջան, որտեղ էլ իրականացվել են ստորաբաժանումների տեղաբաշխում ու անցում մարտական պահպանության:
Ռազմերթի ընթացքում հատկապես կարևորվել է տեխնիկայի շահագործման անվտանգության կանոնների խստիվ պահպանումը: Հստակեցվել են ստորաբաժանումներին առաջադրված խնդիրները, սպառազինությունն ու տեխնիկան նախապատրաստվել են մարտական կիրառման:
ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողություններ են իրականացրել, ինչից հետո մեկնարկել է զորավարժության հիմնական կրակային փուլը:
Այս փուլում 1-ին բանակային կորպուսի զինծառայողները պաշտպանությունից անցել են հակագրոհի և վերականգնել են առաջնագիծը:
Նույն օրը, ըստ «Հայ Զինվոր» թերթի հրապարակման, անցկացվել է նաև հրետանային ստորաբաժանումների զորավարժություն, որի ընթացքում հրետանավորները գործնականում կատարելագործել են ճամբարայաին հավաքների ընթացքում ստացած գիտելիքները:
Նույն հավաքների շրջանակում անցկացվել են նաև լավագույն հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ: Գործնական պարապմունքների և վարժությունների միջոցով ստուգվել են հրետանավորների մասնագիտական գիտելիքները, սահմանված նորմացույցների կատարման հմտությունները:
Մրցումներում լավագույն արդյունքներ գրանցած հրետանավորները խրախուսվել են զորամիավորման հրամանատարության կողմից: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Pingback: ՀՀ ՊՆ 1-ին կորպուսում անցկացվել է հրետանու զորավարժություն | Ռազմ.info