Թե ինչպես ադրբեջանցիները գնեցին ղազախական արտադրության իսրայելական զենքեր (ֆոտո)

Այս պատմությունը սկսվել է 2006 թվականին, երբ Ղազախստանը, այն ժամանակ այդ երկրի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կաժիմուրատ Մաերմանովի ղեկավարությամբ, պայմանագիր էր կնքել իսրայելական «IMI» («TAAS»), «Soltam Systems» ընկերությունների հետ համազարկային կրակի ռեակտիվ «Նայզա» համակարգերի ձեռք բերման և հրետանային «Սեմսիր» ու «Այբատ» համակարգերի արդիականացման համար։ Ռազմական նշանակության պայմանագրեր էին կնքվել նաև իսրայելական երկու այլ ընկերությունների` «Aeronautics Defense Systems»-ի և «Elbit Systems»-ի հետ։ Իսրայելական կողմը ներկայացնում էր Բորիս Շեյնկմանը։ Պայմանագիրը ենթադրում էր իսրայելական տեխնոլոգիաների ներկրում և Ղազախստանում «Ղազախստան ինժինրիրնգ» ընկերության գործարաններում համատեղ արտադրության կազմակերպում, սակայն այլ երկրները Ղազախստանում արտադրված տեխնիկան կարող էին գնել միայն Իսրայելից (1)։ Ղազախա-իսրայելական այդ գործարքների ընդհանուր արժեքը տարբեր աղբյուրներում գնահատվում էր շուրջ 190-300 միլիոն դոլար (1) (2)։

Մասնավորապես «Նայզա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտադրությունը սկսվեց «Պետրոպավլովսկի ծանր մեքենաշինության գործարանում», որը խորհրդային ռազմաարդյունաբերության հսկաներից մեկն էր և ժամանակին զբաղվել էր «ՕՍԱ» և «Տոչկա-Ու» մարտական մեքենաների արտադրությամբ։ Գործարանը պիտի արտադրեր «Նայզա» համակարգի մարտական մեքենաներ, տեղափոխող-լիցքավորող մեքենաներ, հրամանատարական մեքենաներ, իսկ առաջին մեքենաները պատրաստ էին արդեն 2008 թվականին (3)։

Ղազախները բավականին ոգևորված էին այս նախագծերով։ Նրանք ակնկալում էին, որ արդյունքում մի կողմից կզարգանա իրենց ռազմաարդյունաբերական համալիրը, մյուս կողմից ղազախական բանակը կստատա գերժամանակակից սպառազինություն, ընդ որում այդ սպառազինությունը ինտեգրված կլինի մեկ միասնական տեղեկատվական-կառավարման համակարգում։ Մասնավորապես այդ նպատակներով Իսրայելից ձեռք էին բերվել նաև «Օրբիտր» տիպի անօդաչու թռչող սարքեր, իսկ «Soltam» և «Elbit Systems» ընկերությունները մշակել էին ավտոմատ կառավարման համակարգ (2)։ Այս բոլոր ձեռքբերումները ցուցադրվեցին երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին 2008 թվականի մայիսին (2), որին ներկա էին նաև Ղրղզստանի պաշտպանության նախարար Իսմաիլ Իսկակովը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը (4)։ Հարցազրույցներից մեկում Ղազախստանի պաշտպանության նախարարության զենքով և ռազմական տեխնիկայով ապահովման վարչության պետ գնդապետ Ամանտիյ Ջուտաբաևը նշում էր նաև «Տոչկա-Ու» և «Նայզա» համակարգերի փոխգործակցության հնարավորության մասին (5)։ Նա նաև որոշ մանրամասներ էր հաղորդել անօդաչու թռչող սարքերի օգտագործման առումով` նշելով, որ «Նայզա», «Սեմսեր», «Այբատ» համակարգերի ամեն դիվիզիոն իր կազմում ունենալու է անօդաչու թռչող սարք, որը մարտի ամբողջ ընթացքը ցույց է տալու դիվիզիոնի անձնակազմին (6)։

Սրանից բացի կար նաև համակարգերի արտահանման լավ հեռանկար։ Ինչպես նշեցինք, 2008 թվականի մայիսին (ավելի կոնկրետ` մայիսի 7-ին) ղազախա-իսրայելական համագործակցության արդյունքները ցուցադրվել էին նաև Ղրղզստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին։ Համակարգերի նկատմամբ Ղրղզստանից և Ադրբեջանից բացի հետաքրքրություն էր ցուցաբերել նաև Թուրքմենստանը (7)։ Վերոհիշյալ Ջուտաբաևի խոսքերով ակնկալվում էր նաև արտահանում նախկին ԽՍՀՄ այլ պետություններ (8)։

Բայց ղազախների ոգևորությունը երկար չտևեց։ Շուտով ղազախական մամուլում սկսեցին հայտնվել տեղեկություններ, որ ղազախա-իսրայելական բոլոր այս նախագծերը լուրջ խնդիրներ ունեն։ Մասնավորապես արդեն 2008-ի վերջին ղազախ մասնագետները հայտարարեցին, որ «Նայզայի» շահագործումն անվտանգ չի անձնակազմի համար. կրակի ժամանակ հրթիռների արձակած շիթը հաճախ ըկնում է մարտական մեքենայի կամ կաբինայի վրա, որտեղ այդ պահին մարդիկ են լինում, իսկ օրինակ` «Այբատի» հատակը դեֆորմացվում էր կրակելուց հետո (1)։ Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի խոսնակ Կենժեբուլատ Բեկնազարովի խոսքերով մի քանի համազարկերից հետո հրետանային համակարգերի 80 տոկոսը շարքից դուս էին եկել (9)։ Բողոքներ կային նաև Իսրայելից գնված անօդաչու թռչող սարքերի առնչությամբ, որոնք ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների հնացած էին (2)։

Ընդ որում, թեև մամուլի այս հաղորդագրությունները պարունակում էին որոշ թվով սխալներ, բայց կարելի է վստահ լինել «Նայզա», «Այբատ» և «Սեմսեր» համակարգերն իսկապես լուրջ որակական խնդիրներ ունեն և չեն համապատասխանում ներկայացվող պահանջներին, քանի որ պատմությունը շարունակություն ունեցավ և այն էլ ինչպիսի շարունակություն. 2009 թվականի ապրիլին ձերբակալվեց Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Կաժիմուրատ Մաերմանովը (10)։ Համաձայնեք, որ նախկին ԽՍՀՄ երկրներում և այն էլ Կենտրոնական Ասիայի երկրներում նման բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունները բավականին արտասովոր երևույթ են, այնպես որ իսրայելա-ղազախական նախագծերն իսկապես փակուղային ու անհեռանկարային էին եղել, եթե գործն այսպիսի շարունակություն ստացավ։ Ձերբակալվեց նաև իսրայելական ընկերությունների ներկայացուցիչ Բորիս Շեյնկմանը (10) (11)։ Պարզվեց նաև, որ նախկինում Շեյնկմանը Մաերմանովի մտերիմներ են եղել և միասին են ծառայել (12)։

Արդյունքում Ղազախստանին հասցված վնասը գնահատվեց 82մլն դոլար (12), Շեյնկմանն և Մաերմանովը դատապարտվեցին 11 տարվա ազատազրկման (13), իսրայելական ընկերություններից մեկում՝ «Սոլտամում» գործարքի տապալումից հետո կրճատումներ սկսվեցին (14) ։ Ուշագրավ է, որ Իսրայելը, չնայած Շեյնկմանի խնդրանքներին, ոչինչ չձեռնարկեց նրան ազատ արձակելու ուղղությամբ (12), բայց դիմեց Ղազախստանին խնդրանքով, որպեսզի Շեյնկմանը շարունակի պատիժը կրել Իսրայելում (15)։

Իսկ այժմ անդրադառնանք Ադրբեջանին։ Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ հարևան երկիրը։ Մինչ այժմ Ադրբեջանը հիշատակվել էր միայն ղազախա-իսրայելական արտադրանքով, մասնավորապես` համազարկային կրակի ռեակտիվ «Նայզա» համակարգով, շահագրգռված լինելու համատեքստում, որը ինչպես արդեն նշել ենք, ցուցադրվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարին 2008 թվականի մայիսի 7-ին։

Ղազախստանում «Նայզայի» ցուցադրումից ուղիղ 50 օր անց` 2008 թվականի հունիսի 26-ին, Ադրբեջանում 1992 թվականից ի վեր առաջին անգամ տեղի ունեցավ զորահանդես, որտեղ, ի թիվս այլ ռազմական տեխնիկայի ցուցադրվեցին նաև իսրայելական համազարկային կրակի ռեակտիվ երեք «Լինքս» համակարգեր` «ԲՄ-21 Գռադի», «LAR-160» և «EXTRA» կոնտեյներներով, որոնք անցան մեկ շարքով։ Համացանցի ռազմական ռեսուրսներում քննարկումների ժամանակ մի քանիսի մոտ հարց առաջացավ, թե ինչու՞ էր ցուցադրվել միայն երեք մարտական մեքենա և ինչու՞ էին «Լինքսերը» տեղադրված «ԿամԱԶ»-ի շասսիի վրա, բայց նորությունն այնքան նշանակալից էր, եթե չասենք սենսացիոն, որ նման մանրքուները շատ արագ մոռացվեցին, հատկապես, որ Ադրբեջանը ներկայացրեց նաև իսրայելական ծագման այլ զինատեսակներ ևս (ավելի կոնկրետ՝ անօդաչու թռչող սարքեր), իսկ արդեն 2011 թվականի զորահանդեսին «Լինքսերի» քանակն ավելի շատ էր։

Ընդհանրապես զորահանդեսիներին ընդունված չի ռազմական տեխնիկան մեկ շարքով անց կացնելը, սովորաբար առնվազն երկու շարք է լինում, բայց երկու շարք կազմելու համար երեք մեքենաները բավարար չեն։ Այս հանգամանքից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նոր էր սկսել ստանալ «Լինքսեր» և 2008 թվականի հունիսի 26-ի զորահանդեսին ուներ միայն երեք մեքենա։ Նման կերպ 2011-ի զորահանդեսին Ադրբեջանը մեկ շարքով ցուցադրեց «ԲՄՊ-3» զրահամեքենաները, որից, ինչպես հայտնի է, Ադրբեջանը հենց երեք հատ էլ ունի։ սա, իհարկե, ցուցամոլություն է, բայց այդ ցուցամոլության շնորհիվ մենք գիտենք, որ 2008-ի հունիսին Ադրբեջանը նոր սկսել էր ստանալ «Լինքսեր»։

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա և 2008 թվականի, և 2011 թվականի զորահադեսներին Ադրբեջանի ցուցադրած «Լինքսերը», ինչպես նաև տեղափոխող-լիցքավորող մեքենաները մոնտաժված էին «ԿամԱԶ-63502» շասսիի վրա։ Այստեղ մենք կրկին պիտի հիշենք ղազախական համազարկային կրակի ռեակտիվ «Նայզա» համակարգերը։ Բանն այն է, որ «Նայզա» (պարսկերեն նիզակ բառից) անունը ստացել էին ղազախական արտադրության «Լինքսերը», որոնք մոնտաժված էին Ղազախստանում արտադրված … այո, այո «ԿամԱԶ-63502» շասսիի վրա։

Այսպիսով ամփոփենք. «Նայզա» անվան տակ «Լինքսերի» արտադրությունը Ղազախստանում սկսվել է 2007-2008 թվականներին, ղազախական արտադրության «ԿամԱԶ-63502» շասսիով, իսկ իսրայելական ընկերությունների կապալառուն այդ համակարգերի մատակարարման հարցով եղել է ղազախական «Պետրոպավլովսկի ծանր մեքենաշինության գործարանը»։ «Նայզան» առաջին անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարին ցուցադրվել է 2008 թվականի մայիսի 7-ին Ղազախստանում, իսկ արդեն 2008 թվականի հունիսի 26-ին «ԿամԱԶ-63502»-ի շասսիով երեք «Լինքսեր» հայտնվեցին ադրբեջանական զորահանդեսին, և կարելի է վստահ լինել, որ այդ պահին այդպիսի այլ համակարգեր Ադրբեջանում դեռ չկային։ Իրադարձությունների այս ընթացքն ու փաստերը հիմք են տալիս վստահ պնդելու, որ Ադրբեջանի ցուցադրած իսրայելական «Լինքսերն» իրականում ղազախական արտադրության «Նայզաներն» են, թեև, համաձայն իսրայելա-ղազախական պայմանագրի գնվել են Իսրայելից։ Նշենք նաև, որ իսրայելա-ղազախական տապալված մյուս նախագծերից առնվազն «Այբատը» նույնպես հայտնվեց Ադրբեջանում։

Ցավոք սրտի ժամանակին այս հարցը մանրամասն չի հետազոտվել, ինչի շնորհիվ Ադրբեջանի քարոզչական մեքենան կարողացել է և Ադրբեջանում, և Հայաստանում կարծիք ձևավորել, թե ադրբեջանական բանակը զինվում է իսրայելական արտադրության գերժամանակակից զինատեսակներով։ Մինչդեռ իրականում խոսքը իսրայելական արտոնագրով ղազախական արտադրության տապալված և անհեռանկարային զինատեսակների մասին, ինչում մենք համոզվեցինք` ծանոթանալով ղազախական սկանդալի պատմությանը։

Իհարկե, հնարավոր է (և որոշ հիմքեր կան այդպես կարծելու), որ հրեաները պարզապես չեն տրամադրել ղազախներին բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները, և, որ իսրայելական բանակի համար նախատեսված իսրայելական արտադրության «Լինքսերն» անհամեմատ ավելի հաջողված համակարգեր են։ Նման գործելաոճը հատուկ է ռազմաարդյունաբերությանն ընդհանրապես և իսրայելական ռազմաարդյունաբերությանը մասնավորապես։ Սակայն այս վարկածն էլ կասկածելի է, քանի որ բուն իսրայելական արտադրության «Լինքսեր» վաճառվել էին նաև Վրաստանին, որոնք օգտագործվել էին օսեթական պատերազմի ժամանակ։ «Լինքսերի» մարտական կիրառման փորձից վրացիները դժգոհ էին մնացել ցածր ճշտգրտության և չպայթող հրթիռների մեծ տոկոսի պատճառով (տես նկարներում)։

Այս կոնտեքստում տեղին է նշել նաև, որ Ադրբեջանը վերջին տարիներին բազմաթիվ անգամ հայտարարել է Իսրայելի հետ համատեղ անօդաչու թռչող սարքեր արտադրելու ծրագրերի մասին։ Հետաքրքրական է, որ «Elbit Systems of Azerbaijan» անունը ստացած ընկերությունն գլխավորում է Ադրբեջանի բնակիչ Էդուարդ Չեռնինը, ով ազգությամբ հրեա է։ Այսինքն` նույն ղազախական սցենարն է. համատեղ ձեռնարկություն, այդ երկրում լավ կապեր ունեցող հրեաների մասնակցությամբ։

Տեղին է նաև հիշել, որ երբ անցած տարի Արցախի հակաօդային ուժերը ոչնչացրին ադրբեջանական բանակի անօդաչու թռչող սարք, նախ պարզվեց, որ դա «Հերմեսի» նախկինում անհայտ մոդել է, երկրորդ՝ համացանցային մի շարք ռեսուրսներում քննարկումների ժամանակ ոմանց տարօրինակ թվաց անօդաչու սարքի «անփույթ» բնույթը։ Դա հատուկ Ադրբեջանի համար «ստեղծված», ավելի ճիշտ` այս ու այն մոդելներից «թխած» մի սուրոգատ էր։

1) Батареи просят бабла
2) Попал под беспилотник
3) Казахстан начинает производство ракет с иранским названием по израильской технологии
4) Ударный корпус обороны. Боевое знамя вручил Президент
5) Полковник А.Джутабаев: “Айбат”, “Найза”, “Семсер”. У Казахстана амбициозная программа выпуска собственного вооружения
6) Новые образцы вооружения, изготовленные в РК, соответствуют мировым тенденциям в области развития высокоточного оружия ” Минобороны
7) Израиль окажет помощь Казахстану в модернизации вооружений
8) В Минобороны не исключают, что новые образцы вооружения, изготовленные в РК, будут экспортироваться в страны бывшего СССР
9) Приказано устранить
10) Аресты в руководстве Казахстана связаны с оружием из Израиля
11) Батареи допросились
12) За бракованные минометы в Казахстане посадили израильского торговца оружием
13) Бывший заместитель министра обороны Казахстана К.Маерманов и израильский бизнесмен Б.Шейнкман осуждены на 11 лет
14) Сделка с казахами заморожена ” израильский производитель военной техники увольняет работников
15) Борис Шейнкман все-таки будет передан Израилю