Այսօր` հոկտեմբերի 31-ին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրեմ Ղասեմին հերքել է Եմենին զենք մատակարարելու մասին ԱՄՆ մեղադրանքները: Այս մասին հայտնում է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերի փոխծովակալ Քեվին Դոնեգանը հայտարարել էր, որ 2015թ. ապրիլից ԱՄՆ և դաշնակից երկրների ռազմածովային ուժերը Իրանից Եմեն զինամթերք տեղափոխող 4 ռազմանավ են բռնագրավել, որտեղ հայտնաբերվել են ԱԿ-74 ավտոմատեր, հակատանկային հրթիռներ, դիպուկահար հրացաններ և այլ զենքեր: Փոխանցում է Daily Mail լրատվակայքը:

Հութի զինյալներ՝ Սանայում
Նկատենք, որ Իրանը մշտապես մեղադրվում է Եմենում ապստամբած շիադավան հութի ցեղին աջակցելու ու զինելու համար:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իրանը վերջին ամիսներին ակտիվացրել է հութիներին սպառազինության՝ մասնավորապես հրթիռների և հրաձգային զենքերի մատակարարումը, որն իրականցվում է Օմանի տարածքով:
Ըստ լրատվականի՝ սա կարող է վտանգավոր լինել նաև Ամերիկայի համար, քանի որ վերջերս հութիների վերահսկողության տարածքներից հարձակումներ են լինում ԱՄՆ ռազմանավերի վրա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կարմիր ծովի միջազգային ջրերում ամերիկյան «Արլի Բերկ» էսկադրային ականակիրների դասին պատկանող USS Mason ռազմանավի ուղղությամբ հութիներին պատկանող տարածքներից 2 հրթիռ էր արձակվել: Հութիները, սակայն, հերքել էին այդ լուրերը:
Եմենում պատերազմ սկսվել է 2014 թվականից. հակամարտող կողմերն են` մի կողմից շիա հութիները, որոնց սատարում է Իրանը, մյուս կողմից երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը:
2015 թ. փետրվարին հութիներին հաջողվում է նախագահ Հադիին հեռացնել իշխանությունից: Վերջինս սկզբում ապաստանել է երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, իսկ օրեր անց, երբ հութիներին հաջողվել է գրավել նաև այդ քաղաքը, Հադին լքել է երկիրն ու հաստատվել հարևան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։
Այնուհետև Եմենի կառավարությունը օգնության խնդրանքով դիմում է արաբական երկրներին, ինչից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Պարսից ծոցի արաբական 9 երկրներ ստեղծում են դաշինք ընդդեմ հութիների (կազմում են Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի) և ռազմական գործողություններ են սկսում Եմենում։
Հետագայում կռիվը տեղափոխվում է նաև Սաուդյան Արաբիայի և Եմենի ցամաքային սահման, որտեղ, ինչպես և առհասարակ Եմենի մյուս տարածքներում, կողմերը փոփոխական հաջողություններով կռվում են մինչ օրս:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հոկտեմբերի – 5 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info