Հոկտեմբերի 9-ին Կարմիր ծովի միջազգային ջրերում ամերիկյան «Արլի Բերկ» էսկադրային ականակիրների դասին պատկանող USS Mason ռազմանավի ուղղությամբ 2 հրթիռ է արձակվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ ՊՆ մամլո խոսնակ Ջեֆֆ Դեվիսը, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:
Ըստ խոսնակի՝ հրթիռներն արձակվել են Եմենի՝ հութիներին պատկանող տարածքներից: Հրթիռները, սակայն, չեն խոցել թիրախները:
Հութիները, հերքելով ռազմանավի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին լուրերը, պնդում են, որ ԱՄՆ-ն այս քայլով փորձում է ուշադրություն շեղել մայրաքաղաք Սանայի հրթիռակոծումից:
Նկատենք, որ հոկտեմբերի 8-ին արաբական կոալիցիայի ավիացիան 5 ավիահարվածներ էր հասցրել հութիների վերահսկողության տակ գտնվող Սանային: Զոհվել էր 213, վիրավորել՝ ավելի քան 500 մարդ:
Ավելի վաղ հութիները Բաբ էլ Մանդեբի նեղուցում ոչնչացրել էին ԱՄԷ-ին պատկանող ռազմանավ:
Եմենում պատերազմ սկսվել է 2014 թվականից. հակամարտող կողմերն են` մի կողմից շիա հութիները, մյուս կողմից երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը:
2015թ. փետրվարին հութիներին հաջողվում է նախագահ Հադիին հեռացնել իշխանությունից: Վերջինս ապաստանում է սկզբում երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, իսկ օրեր անց, երբ հութիներին հաջողվում է գրավել նաև այդ քաղաքը, Հադին լքում է երկիրն ու հաստատվում հարևան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։
Այնուհետև Եմենի օրինական կառավարությունը օգնության խնդրանքով դիմում է արաբական երկրներին, ինչից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Պարսից ծոցի արաբական 9 երկրներ ստեղծում են դաշինք ընդդեմ հութինների (կազմում են Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի) և ռազմական գործողություններ են սկսում Եմենում։
Հետագայում կռիվը տեղափոխվում է նաև Սաուդյան Արաբիայի և Եմենի ցամաքային սահման, որտեղ, ինչպես և առհասարակ Եմենի մյուս տարածքներում, կողմերը փոփոխական հաջողություններով կռվում են մինչև հիմա:
Pingback: Իրանը հերքում է Եմենին զենք մատակարարելու մասին ԱՄՆ մեղադրանքները | Ռազմ.info