Նորվեգիան քննարկում է ԱՄՆ ծովային հետևակի 300 զինծառայողի հնարավոր տեղակայումը երկրի Վերնես ռազմաբազայում, որը գտնվում է ռուս֊նորվեգական սահմանից 1000 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է նորվեգիական Adresseavisen լրատվակայքը։
Նորվեգիայի ՊՆ նախարար Ինե Էրիկսեն Սորեիդենը լրատվամիջոցին ասել է, որ նախաձեռնությունը ԱՄՆ֊ինն է, սակայն առաջարկը Նորվեգիայում քաղաքական մակարդակով դեռևս չի քննարկվել։
Ըստ լրատվակայքի՝ ամենայն հավանականությամբ տեղակայումը կատարվելու է վեցամսյա ռոտացիոն կարգով։
Նշենք, որ տեղակայման դեպքում հնարավոր է Ռուսաստանի և ՆԱՏՕ֊ի հարաբերությունների էլ ավելի լարում։ 1949 թվականին ՆԱՏՕ֊ի կազմ մտնելիս Խորհրդային Միության պնդմամբ Նորվեգիան պարտավորվեց իր տարածքում չստեղծել օտարերկյա զինծառայողների համար բազա, եթե երկրի վրա հարձակում կամ դրա սպառնալիք չկա։ Իսկ ստորաբաժանման տեղակայումը կարող է նախադրյալ դառնալ այդպիսի ռազմաբազայի ստեղծման։
Նորվեգիայի հետ սահմանի վերաբերյալ ավելի վաղ, ինչպես հայտնում է ռուսաստանյան ՌԻԱ գործակալությունը, ՌԴ Դաշնային անվտանգության խորհրդի հանրային կապերի կենտրոնը հայտարարել էր, որ սահմանային գերատեսչությունները պետք է պատրաստ լինեն, որ Ռուսաստանի և Նորվեգիայի սահմանը կարող է օգտագործվել ահաբեկիչների կողմից զենքի և ահաբեկչական միջոցների մատակարարման համար, իսկ անվտանգության հիմնական սպառնալիքը Մերձավոր Արևելքից տարանցիկ փախստականների միգրացիան է։